Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր չափի թմրամիջոց է ներկրվել Իրանից

Հասարակություն
f1015c113be27f854ccf3dcfcd2ec0f9

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս` օպերատիվ տեղեկությունների հիման վրա, կանխել են մոտ 30 գրամ ՙմետամֆետամին՚ տեսակի թմրամիջոցի ներկրումը Իրանից:

Թմրամիջոցը փորձել է ներկրել ՀՀ քաղաքացի Զավեն Ստեփանյանը: Վերջինս, թաքցնելով այն մաքսային հսկողությունից, հատել է սահմանային անցակետը և փորձել դուրս գալ մաքսային հսկողության գոտուց: Սակայն Մեղրիի մաքսակետում զննման ժամանակ պարզվել է, որ Զ. Ստեփանյանը թմրամիջոցը թաքցրել է անձնական իրերի և ավտոբուսի մեջ. մասնավորապես, մետամֆետամին է հայտնաբերվել նրա հագուստի թևքում և ճապրուկում` թղթադրամի մեջ փաթեթավորված, ինչպես նաև ավտոբուսի նստատեղի տակ և բեռնախցիկում: Կատարվում է քննություն:

Ըստ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի՝ նախորդ տարի արձանագրվել է Իրանից ՙմետամֆետամին՚ տեսակի թմրամիջոցի ներկրման աճ. փորձ է արվել տեղափոխել ընդհանուր առմամբ շուրջ 700 գրամ:

Վերլուծությունները, սակայն, ցույց են տվել, որ թմրամիջոցը փորձել են ներկրել ոչ այնքան մեր երկրում իրացնելու, այլ հետագայում այն Հայաստանից եվրոպական երկրներ արտահանելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, 2011թ. ընթացքում վարչության աշխատակիցները հայտնաբերել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 46 դեպք, որոնցից 9-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Նախորդ տարվա ընթացքում կանխվել են նաև տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, տարադրամի, սննդամթերքի, ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի, տնտեսական ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր: