Նորածինը քեռի է
2 կգ 900 գրամ քաշով եւ 48 սմ հասակով ծնված Դավիթին մայրը ունեցել է 45 տարեկանում՝ 6 աղջիկներից եւ 15 տարի դադարից հետո:
Դավիթը քույրերերի համար եղբայր է եւ նրանց 6 զավակաների համար քեռի:
Մինչեւ վերջին պահը Բաբայանները չգիտեին երեխայի սեռը:
«Շատ ուրախացա, շատ երջանիկ եմ: Ծննդաբերության ողջ ընթացքում ասում էին՝ Աստված իմ սրտինը ինձ տա: Աստված լսեց իմ խնդրանքը: Ինձ շատ երջանիկ զգացի, ճիշտ այնպես ինչպես առաջնեկին ունենալուց: Երեխա ունենալու զգացմունքը նույնն է, որ տարիքում էլ որ լինես »,- նշում է նորածնի մայր Անահիտ Բաբայանը:
Դավիթը ծնունդն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Օվսաննա Մամիկոնյանը նշում է, որ կապված մոր տարիքի հետ որոշ բարդություններ կային, սակայն ծննդաբերությունը հաջող ընթացավ եւ լույս աշխարհ եկած առողջ բալիկների թիվը մեկով էլ ավելացավ։
Սիսիանի բժշկական կենտորնի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանը հիշում է, որ կար ժամանակ, երբ կանայք 6-ից 8 երեխա էին ունենում, վերջին շրջանում 2, լավագույն դեպքում 3 երեխայից ավելի ունենալ հայ մայրերը չեն ցանկանում:
«Ուրախալի դեպք է, որովհետեւ երկար ու ձիգ տարիներ է, ինչ 7-րդ զավակ, 7-րդ երեխա ունեցող ես չեմ տեսնում: Կարեւորվում է նաեւ նրանով, որ այդ կինը արդեն 6 թոռ ունի»,- ասում է Արտյոմ Թադեւոսյանը:
48 տարեկանում կրկին հայր դառնալը Բագրատը Աստծո պարգեւ է համարում: Հացթուխ Բագրատը մտածում է` հիմա հարկավոր է ավելի շատ աշխատել, նորածնի համար առաջնային անհրաժեշտության պարագաներ պետք է գնի: Փոքրիկի հետ հայրը մեծ հույսեր է կապում:
«Էնքան ապրեմ մի ուսումի տամ, հետո արխային կլոխս տնեմ պարցին: Հիմա ես իրան պահեմ, որ նրանից հետո ինքը ինձ պահի»,- նշում է նորածնի հայրը Բագրատ Բաբայանը:
Նախորդ տարի Սիսիանի ծննդատանը լույս աշխարհ է եկել 304 երեխա: Թիվը 2010թ.-ի համեմատ փոքր-ինչ նվազել է: Այս տարեսկիզբը խոստումնալից է: Փետրվարի 6-ի դրությամբ գրանցվել է 43 ծնունդ: