Աղբի գումարի 10 տոկոսը՝ նվիրատվություն
Երևանի ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:
Նախագիծը հիմնավորվում է Երևան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու /մուտքագրելու/ լիազորությունները վերապահվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։ Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից:
Աղբահանության վճարի գանձումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ավագանին հավանություն է տվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերջիններիս կողմից հավաքագրված գումարների մինչև 10% չափով որպես խրախուսում նվիրատվություն տրամադրելու մասին նախագծին: