Վարկանիշը կփոխի՞ կոռումպացվածին (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի «The Daily Beast» պարբերականը Ուզբեկստանի անունը տեղադրել է առաջին հորիզոնականում, որպես աշխարհի «ամենակոռումպացված ու փտած» երկիր։
«Վատթարագույն ցուցանիշներ» անվանակարգում պարբերականը հիմնվելով «Կոռուպցիայի ընկալումների ինդեքս -2011»-ի, «Trasparensy International»-ի և «Freedom House»-ի հրապարակած՝ «Մամլո ազատություն- 2011» զեկույցի վրա, հրապարակել է աշխարհի 20 ամենակոռումպացված երկրների անունները։
Բոլոր այդ երկրներում շատ ցածր մակարդակի վրա է գտնվում հանրային ընկալումը՝ կոռուպցիայի, քաղաքական և քաղաքացիական իրավունքների ու ազատությունների, խոսքի ազատության և թափանցիկ բիզնեսի մասին։
Այս տարի Ուզբեկստանին է հաջողվել շրջանցել աշխարհի ամենակոռումպացված երկրին՝ Սոմալիին, որի կառավարությունն այժմ աքսորված է։ Ուզբեկստանին չեն զիջում Մյանման և Լիբիան։
Նախկին խորհրդային երկրներից Բելառուսը զբաղեցրել է 6-րդ տեղը։ Ցուցակը եզրափակել են Անգոլան ու Կամբոջան։
Հայաստանը ամենակոռումպացված 20 երկրների ցանկում չի ընդգրկվել, սակայն հայտնվել է ընդհանուր ցուցակի 129-րդ տեղում։ Ադրբեջանը ավելի է կոռումպացված եւ Ռուսաստանի հետ կիսում է 143-րդ տեղը։ Վրաստանը ավելի մոտ է քիչ կոռումպացված երկրներին՝ 64-րդ տեղում է։ Թուրքիան 61-րդ տեղում է։ Իսկ ահա Նոր Զելանդիան առաջին տեղում է՝ կոռումպացված չէ։