Պաշտոնական դիրքորոշում կներկայացվի
Փետրվարի 6-ին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հայտնելով, որ Մաշտոցի պողոտայում ընթացող խանութ-կրպակների վերակառուցումը ընթանում է կանաչ գոտու հաշվին, քաղաքաշինական նորմերի խախտմամբ` ոտնահարելով բնակիչների առողջ միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը:
Մտահոգված լինելով խնդրով` Պաշտպանը 08.02.2012 թ-ին գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետին խնդրելով պարզաբանումներ տալ հիշյալ խնդրի վերաբերյալ և ներկայացնել շինարարությունը հիմնավորող փաստաթղթեր: Փետրվարի 12-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, որը նաև բնապահպանական հարցերով պատասխանատուն է անձամբ այցելել է Մաշտոցի այգում բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին և տեղում մեկ անգամ ևս ծանոթացել իրավիճակին և խնդրին:
Քաղաքապետարանից պատասխան ստանալուն պես Պաշտպանի գրասենյակը կներկայացնի իր պաշտոնական դիրքորոշումը հիշյալ խնդրի վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից։