Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովը ցուցումներ է տվել լրագրողներին

Հասարակություն
c18c91ddaa200e021396c94988bafd1d

Այսօր ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին և Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին:

Պարոն Շարմազանովը հույս է հայտնել, որ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո նրանք ամբողջական պատկերացում կունենան թե ԼՂՀ հիմնախնդրի, թե դրա պատճառների ու հնարավոր լուծումների վերաբերյալ, «քանզի և Հայաստանում, և Արցախում պատրաստ են բաց ու առողջ քննարկումներ ծավալելու, անկեղծ դիրքորոշումներ հայտնելու»: «Միայն թե հարգարժան լրագրողներն էլ պետք է պատասխանատվություն դրսևորեն` փաստերը ներկայացնելով անաչառ ու անկողմնակալ»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Գերմանացի լրագրողները նրան տեղեկացրել են, որ նախորդ տարի եղել են Ադրբեջանում, այժմ Հայաստանում են, իսկ հաջորդ օրը մեկնելու են Լեռնային Ղարաբաղ` ամբողջական պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին: Ասել են, որ գրում են գերմանական հանրահայտ թերթերի համար և անցկացնում ինտերնետային ֆորումներ: Եվ այս ամենը նրա համար, որ գերմանացիները հասկանան, թե ինչո՞ւ է ԼՂ հիմնախնդիրը դժվար լուծելի: Նրանց գնահատմամբ` Եվրոպայի համար այս տարածաշրջանի նշանակությունը մեծ է, իսկ կոնֆլիկտային իրավիճակը` պայթյունավտանգ:

Գերմանացի լրագրողները պարոն Շարմազանովին տեղեկացրել են, որ հասկանում են, որ Հայաստանը «դժվար» հարևաններ ունի, բայց կարծում են, որ հակամարտության կողմերի դիրքորոշումները կարելի է մոտեցնել, փոխվստահություն սերմանել տնտեսական համագործակցության միջոցով: Նրանք նշել են, որ ադրբեջանցիները կողմ են արտահայտվել տնտեսական համագործակցության գաղափարին:

«Գերմանացի լրագրողների այն հարցին, թե. ի՞նչ պետք է անել, եթե Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, պարոն Շարմազանովը պատասխանել է՝ «Ոչինչ, Ղարաբաղը նվաճել է իր անկախությունը։ Ոչ թե Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ միջազգային հանրությունը, ինչը արել է մի շարք դեպքերում»։ Ապա, մատնացույց անելով գերմանացի լրագրողի առջև դրված ակնոցը, հարցրել է՝ «Ես կարծում եմ, որ ոչ մեկը չի վիճարկում, որ դա Ձեր ակնոցն է։ Ի՞նչ կասեիք, եթե ես վերցնեի ու նվիրեի Ձեզ»։ Գերմանացի լրագրողների ժպիտը խոսուն էր, օրինակը` դիպուկ»,- հաղորդում է ԱԺ հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Գերմանացի լրագրողները շնորհակալություն են հայտնել պարոն Շարմազանովին՝ անմիջականության ու անկեղծության համար, իսկ վերջինս նրանց հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղ այցից հետո կամբողջանան նրանց պատկերացումները հիմնախնդրի վերաբերյալ: