Հայտնաբերվել են Անիի մոռացված կոթողները
Այսօր «Հայկական ճանապարհորդության ուսումնասիրման հիմնադրամի» տնօրեն Սամվել Կարապետյանը լրագրողներին ներկայացրեց պատկերազարդ «Անի» ալբոմ-գիրքը, որը լույս է ընծայվել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:
Գիրքը նվիրված է Հայաստանի միջնադարյան Անի մայրաքաղաքին եւ մինչ այս լույս ընծայված մյուս աշխատություններից տարբերվում է նրանով, որ այստեղ տեղ են գտել քաղաքի մի շարք պատմական շինությունների չափագրումներ:
Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ մինչ այդ Անիում դեռեւս պահպանված ոչ բոլոր շինություններն են չափագրվել:
Գրքում ներկայացված է Անիի բոլոր կիսաքանդ եկեղեցիների լուսանկարները եւ նրանց նախագծերը, որոնք հուշում են, թե ինչպիսի՞ն կլինեն այդ կոթողները, եթե վերականգվեն: Գիրքն ունի նաև ներդիր՝ Անի քաղաքի հատակագիծը: Քարտեզի վրա նշված են այն շինությունները, որոնք, ըստ Սամվել Կարապետյանի, նախկինում նշված չեն եղել։
«Անի» ալբոմ-գիրքը կազմված է մի քանի բաժիններից։ Յուրաքանչյուր բաժնում առանձնացված են Անիի ճարտարապետական առանձին կոթողներ՝ եկեղեցիներ, խաչքարեր և այլ շինություններ:
Գիրքը լույս է տեսել ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, ընդամենը 900 տպաքանակով:
Ըստ ճարտարապետի, գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ շարքային ընթերցողի համար: Գրքում զետեղված է շուրջ 600 լուսանկար: