Հացադուլավորը մեռնո՞ւմ է
«Եղբայրս հացադուլի մեջ է հունվարի 11-ից։ Այսօր նրան հյուծված վիճակում բերել էին Վերաքննիչ դատարանում նշանակված նիստին։ Նա ամբողջությամբ կապտած էր, սրտից բողոքեց, հետո ուշագնաց եղավ։ Շտապօգնությունը եկավ՝ տարավ եղբորս։ Մեզ ոչ ոք չի ասում թե ո՞ւր տարան նրան եւ ի՞նչ վիճակում է»,- քիչ առաջ «Ա1+»- խմբագրություն զանգահարեց եւ արտասվելով հայտնեց 20 տարվա ազատազրկման դատապարտված, 23-ամյա Աշոտ Շահզադյանի քույրը՝ Կարինեն։
Աշոտ Շահզադյանը դատապարտվել է 2011-ի մայիսի 23-ին Այնթապ գյուղում տեղի ունեցած դաժան սպանության համար։ Զոհը եղել է Գայանե Ասոյանը, որին, ըստ նախաքննական մարմնի, Աշոտ Շահզադյանը սպանել է ՀՀ քրօրի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։
Աշոտ Շահզադյանի հանրային պաշտպանը՝ Անժելա Կարապետյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը դատարանում հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից, նշելով, որ «մեղքն իր վրա է վերցրել ճնշումների ներքո»։
Ըստ փաստաբանի, Աշոտ Շահզադյանը նախաքննական մարմնին հայտնել է սպանողի անունը՝ Թեմուր Ազոյան, Այնթապի բնակիչ, սակայն քննիչները գործի քննության ընթացքում փոխել են Շահզադյանին մեղսագրով հոդվածի պահանջը եւ խստացրել մեղադրանքը, հավելելով նաեւ բռնաբարությունը։
Փաստաբանը հավաստիացնում է, որ նախնական փորձաքննությամբ սպանվածի վրա բռնաբարության հետքեր չեն հայտնաբարեվել, սակայն քննիչների պահանջով իրականացված երկրորդ փորձաքննությամբ բռնաբարության մասին մեղադրանք են հաստատել Շահզադյանի վրա։
Առաջին ատյանի դատարանը, սակայն, այդ մեղադրանքը համոզիչ չի գտել եւ Շահզադյանին դատել է սպանության եւ բռնաբարության փորձ կատարելու համար։
Բացի այդ, մատնանշված Թեմուր Ազոյանը դեպքից մի քանի օր անց անհայտացել է եւ նախաքննական մարմինը մինչ օրս նրան չի գտել եւ գործի նյութերում վկայակոչելով Ազոյանի հարազատների ցուցմունքները. թե նա մեկնել է Գերմանիա՝ եղբոր մոտ, բավարարվել են եւ գործն այդ մասով փակել։
Փաստաբան Կարապետյանը տեղեկացնում է, որ նախաքննական մարմինը չի էլ փորձել հարցականի տակ դնել Ազոյանի հարազատների այն վկայությունը, թե. իրենք չգիտեն ոչ իրենց ավագ որդու հասցեն, ոչ էլ գերմանական այն քաղաքի անունը, որտեղ, ըստ իրենց, բնակվում է ավագ որդին եւ որի մոտ մեկնել է կրտսերը՝ 29-ամյա Թեմուր Ազոյանը։
Փաստաբանը նաեւ նշեց, որ պարզվել է միայն, որ Ազոյանը հունիսի 6-ին, դեպքից 14 օր անց, Զվարթնոց օդանավակայանից մեկնել է Մոսկվա։ Իսկ Հայաստանում Շենգենի գոտու վիզա տրամադրող բոլոր դեսպանատները վկայել են, որ Թեմուր Ազոյան անուն-ազգանունով ոչ ոքի վիզա չեն տրամադրել։
«Նուբարաշենի» բանտում 20 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Շահզադյանը արդեն 40 օր է՝ հացադուլի մեջ է։ Նրա փաստաբանը նույնպես տեղյակ չէր, թե շտապօգնության մեքենան ո՞ւր է տարել դատարանի դահլիճում ուշագնաց եղած իր պաշտպանյալին։