Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները բռնի հեռացրել են ցուցարարներին (տեսանյութ)

Հասարակություն
00cf7681a4af95981465ad4aa63c40c6

Բնապահպան-ակտիվիստներին ոստիկանները բռնի ուժով հեռացրել են Մաշտոցի պողոտային  հարակից պուրակից, որտեղ նրանք արդեն 7-րդ օրն է հերթապահում են, կանաչ տարածքում կրպակների տեղադրման աշխատանքները թույլ չտալու նպատակով։

«Ա1+»-ի լրագրողը ակցիայի վայրից հաղորդում է, որ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։ Ոստիկանները թվաքանակով գերազանցում են ակցիայի մասնակիցներին, որոնք կոպիտ քաշքշում են ակտիվիստներին, պահանջում հեռանալ տարածքից։ Իրավապահները չեն խնայում նաեւ լրագրողներին՝ հրում են նրանց ու նույնպես պահանջում հեռանալ, պատճառաբանելով, որ իրենց գործողությունները բխում են անվտանգության կանոններից։

Ակցիայի մասնակիցներին զորակցում են «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավորներ, որոնց նույնպես արգելվում է մտնել կանաչ գոտի եւ որեւէ բացատրություն չի տրվում շինարարական աշխատանքները սկսելու օրինականության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Մաշտոցի պողոտային հարակից կանաչ գոտում Երեւանի քաղաքապետարանը որոշել է տեղադրել Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրի կրպակները։ Բնապահպանները հայտարարում են, որ քաղաքապետարանի որոշումն ապօրինի է եւ կամայական։