Թումանյանի տնից կհեռանան բրնձով (տեսանյութ)
Այս տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը համընկել է Բարեկենդանի տոնի հետ ու թանգարանի այցելուներին սպասվում են անակնկալներ: Նրանք կանցնեն տարբեր «փորձություններով», ու հաղթողները նվերներ կստանան: Համենայն դեպս, առնվազն բրնձով տուն կգնան, -ասաց տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Օրվա հանդիսությունների շարքում երկու գրքի շնորհանդես է սպասվում: «Հովհաննես Թումանյան. Մտքեր», որտեղ հավաքված են մեծ բանաստեղծի, գրողի, հասարակական գործչի, մեծ մարդու ու մեծ հայի փիլիսոփայական խոհերը կնոջ, արվեստի, պետության, թուրքի ու մեր մասին: Նաև սպասվում է Աշխեն Թումանյանի արխիվի գիտական հրատարակությունը: Այս արխիվն, ի դեպ, բացվում է առաջին անգամ ու ընթերցողը կգտնի բացարձակ նոր տեղեկություններ Թումանյանի մասին: Կկազմակերպվի նաև մի փոքրիկ համերգ:
Փետրվարի 19-ից սկսած Վերնատան հատվածում այցելուներին սպասվում է «Պատրանք վերնատանը» խորագիրը կրող մի անակնկալ, որի փակագծերը սակայն թանգարանի տնօրենը բացել չցանկացավ:
Թանգարանը այցելուների պակաս չունի`դպրոցականներ, ուսանողներ, զբոսաշրջիկներ: Սակայն ամենաուրախալին տիկին Թուխիկյանի համար, թերևս ընտանեկան այցելությունների զգալի աճն է:
Թումանյանն ասում էր. որ գրականությունը պետք է պետական աջակցություն ունենա, իսկ թե պետություն չկա, հասարակության կարող ուժերը` հարուստներն ու մտավորականները պետք է այդ հարցը լուծեն: Նաև ասում էր, որ հայը դժվար է գիրք առնում մանավանդ, թե գիրքը մեկ ռուբլուց ավել է:
Թումանյանը մեծ գրադարան է ունեցել` 10 հազար կտոր գիրք: Ասում են, երբ մի անգամ նա հաշվել ու տեսել է, որ 2 հազար գիրք պակասում է, գրապահարանների ապակիները ծածկել է ծաղկանախշ թղթերով, որ էլ չտեսնեն ու գիրք չխնդրեն ու իր աշխատասենյակի պատին փակցրել խնդրանք-պահանջը. «Չծխել, գիրք չխնդրել»:
«Իջնելիս էլ հաշվեք աստիճանները, -ասաց տնօրենը, -դրանք 54 են` ճիշտ Թումանյանի ապրած տարիների չափ»: