Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

SOS. Թեղուտ։ Այլընտրանք է մշակվում (տեսանյութ)

Հասարակություն
cb4a70cda7c62411f37b1a6dd32e9792

Ինչպե՞ս զարգացնել տնտեսությունը, առանց բնությանը վնաս հասցնելու: Մի խումբ բնապահպաններ հարցի պատասխանը գտնելու մտայնությամբ հանքարդյունաբերության կենտրոններում տնտեսության զարգացման այլընտրանքային ծրագիր են մշակում։

Քանի որ շահագործվող հանքերը նախկինում մեծամասամբ զարգացած գյուղատնտեսկան կենտրոններ են եղել, բնապահպանները շեշտը դրել են գյուղատնտեսության զարգացման վրա։

«Գյուղատնտեսություն՝ հետեւաբար սննդի մշակում, տուրիստական ենթակառուցվածքներ, նաեւ ձկնարդյունաբերության, անտառային բարիքների վերամշակման, թեթեւ արդյունաբերություն հետ կապված ծրագրեր»,- «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց նախաձեռնության համահեղինակ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը։

Բնապահպանների ծրագրերը վերաբերում են հատկապես Տավուշի մարզի Թեղուտ եւ Շնող համայնքների վրա: Անտառապատ այս տարածքում Կառավարության թույլտվությամբ «Վալեքս» խումբը պատրաստվում է շահագործել Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրը։ Արդյունքում, Արման Վերմիշյանի խոսքերով, Թեղուտի բնակիչները երկընտրանքի առաջ են կանգնել` կամ աշխատել պղնձահանքում, թունավորել բնությունն ու զրկվել գյուղատնտեսությունից, կամ սովից կոտորվել, կամ գնալ «խոպան»։
«Սա իսկապես նման է միջնադարյան ճորտատիրությանը»,- բնութագրեց բնապահպանը:

Նր խոսքերով, հանքարդյունաբերության օգտին Կառավարության ներկայացրած փաստարկները ոչ մի քննադատության չեն դիմանում։

«Ասում են՝ նոր աշխատատեղեր ենք ստեղծում։ Ըստ Թեղուտի նախագծի, 1500 աշխատատեղ պետք է բացվի։ Դեռ 2007-ին «Վալեքս» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ Ալավերդու գործարանն իրենց ձեռնտու չէ եւ վաղ թե ուշ պետք է փակվի։ Ին՞չ է ստացվում՝ Ալավերդին փակվում է, մի քանի հարյուր հոգի դուրսն է մնալու, իսկ Թեղուտում նոր աշխատատեղեր են ավելանում` առավելագույնը 80 հազար դրամ աշախատավարձով: Դրանով մենք տնտեսություն չենք զարգացնում», - նշեց բնապահպանը:

Ըստ նրա, ստացած 80 հազարը առայժմ բավարարում է գյուղացիներին, որովհետեւ դրամական եկամուտից բացի, նրանք եկամուտ են ստանում նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունքում: «Սակայն եթե հանքը շահագործվեց, Թեղուտում գյուղատնտեսությամբ զբաղվելը եթե չասեմ՝ անհնարին, ապա շատ ռիսկային է լինելու եւ գյուղացին մնալու է այդ 80 հազարի հույսին», - համոզված է Վերմիշյանը։

Ինչ վերաբերում է Թեղուտի հանքերի շահագործումից պետության ակնկալած շահույթին, ըստ բնապահպանների նախնական հաշվարկների, առավելագույնը տարեկան 50 միլիոն դոլարի բյուջետային մուտքերը խիստ փոքր են բնությանը հասցվող վնասի համեմատ։ Բացի դրանից, բնապահպաններին մտահոգիչնէ նաեւ այն հանգամանքը, որ խոշոր հանքից արդյունահանվող հանքանյութն արտահանվում է գրեթե առանց մշակվելու:

«Սա էկոգաղութացման տիպիկ օրինակ է։ Եթե մենք խտանյութի հիման վրա արտադրեինք մաքուր պղինձ, դրա հիման վրա մի քանի հարակից արտադրություններ հիմնեինք, էլի կարելի կլիներ խոսել տնտեսության զարգացման մասին»,- նշեց Վերմիշյանը:

Նա տեղեկացրեց, որ տարբեր մասնագետներից կազմված աշխատանքային խումբը շտապում է մինչեւ Թեղուտի հանքի շահագործման մեկնարկը ավարտել տարածաշրջանի զարգացման այլընտրանքային ծրագիրը եւ ներկայացնել տեղի եւ սփյուռքի գործրարներին:

«Մենք երկիր ենք կորցնում, սա չափազանցություն չի: Մեզ պետք են առաջին հերթին հայրենասեր մարդիկ, որոնք կնպաստեն երկրի վերականգնվող տնտեսության զարգացմանը: Նույնիսկ եթե փոքր շահույթ էլ լինի, մենք պարտավոր ենք մոտ 400-450 աշխատատեղ Թեղուտում, Շնողում ստեղծել, որպեսզի ցույց տանք այլընտրանքը։ Որպեսզի գյուղացին ոչ արտագաղթի, ոչ էլ ստիպված լինի հայրենի բնության հաշվին գոյատեւելու մասին մտածել»,- եզրափակեց Արման Վերմիշյանը: