Երգիչները միացել են բնապահպանների ցույցին
Բնապահպանները այսօր առավոտից հավաքվել են Մաշտոցի պողոտային հարող պուրակում, կանաչ տարածքները ոչնչացնելու միջոցով քաղաքապետարանի որոշմամբ այնտեղ կրպակներ տեղադրելու գործընթացին ընդդիմանալու նպատակով։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրությամբ քաղաքացիներին զգուշացրել էր, որ բնապահպաններին միանալու եւ շնարարական աշխատանքներին խոչընդոտելու պարագայում տուգանելու են։
«Ա1+»-ի լրագրողը ակցիայի վայրից հաղորդում է, որ բնապահպաններին միանում են քաղաքացիներ եւ նրանց թվաքանական ավելանում է, սակայն այս պահի դրությամբ տուգանվածներ չկան։ Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսեսյանը «Ա1+»-ի լրագրողին հայտնել է, որ քաղաքացիների կողմից այս պահի դրությամբ օրենքի խախտման դեպքեր չեն գրանցվել, այդ պատճառով տուգանվածներ չկան։
Երեկ ոստիկանների ջոկատները կենդանի պատով էին սահմանազատել շինարարներին՝ բնապահպաններից։ Այսօր տեղադրվել է երկաթե ցանկապատ։
Բնապահպանները հայտարարել են, որ չեն դադարեցնելու ակցիան։ Նրանց միացել են երգիչներ, երաժիշտներ, երգահաններ։ Այսօր ժամը 15։00-ին ակցիայի վայրում համերգով հանդես կգա Էդվարդ Զորիկյանը։ Ակտիվիստ Արփինե Զարգարյանը «Ա1+»-ի լրագրողին տեղեկացրել է, որ ակցիային միանալու ցանկություն են հայտնել նաեւ այլ երգիչ-երգչուհիներ, որոնց անուններն առայժմ չեն հրապարակում։
Իսկ մինչ այդ բնապահպանները մաքրում են պուրակի տարածքը՝ սառույցից ու ձյունից։ Զուգահեռաբար շինարարների գլխին բարձրաձայն ընթերցում են առակներ՝ «Աղվեսն ու գայլը», «Չարի վերջը» եւ այլն։
Տեղեկացնենք, որ չնայած առատ ձյանը, կանաչ պուրակում առեւտրի կրպակների տեղադրման աշխատանքները եռում են։