Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր հացից զրկվեց եւս 10 ընտանիք (տեսանյութ)

Հասարակություն
384920eae055b81379f1cc1f11fcafa6

Այսօր առավոտյան Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ սկսեցին ապամոնտաժել «Ֆիրդուսի շուկայի» վերջին հատվածում տեղակայված կոշիկի, հովանոցի, հագուստի, էլեկտրատեխնիկայի վերանորոգման, բանալիների պատրաստման եւ մի քանի այլ կրպակներ։

Ըստ կրպակատերերի, նրանց ոչ փոխհատուցում, ոչ էլ կրպակների համար այլ տեղ են հատկացնում։

«Ասում են՝ որտեղ ուզում եք, տարեք ձեր բուդկեքը դրեք։ Ասում են՝ գնացեք Հայաստանից։ Մեր հացը կտրեցին, մեր ձեռքերը կտրում են, որ չկարողանանք ընտանիք պահել։ Ստիպված ենք լինելու գնալ»,- «Ա1+»-ին բողոքեց կոշկակար Սամսոն Մեդոյանը։

Նրանց կրպակները տեղկայված են Բուզանդի 1-3 հասցեում քաղաքապետարանին պատկանող շենքի բակում։   Կրպակների տեղում պետք է կառուցվի ավտոկայանատեղի։

Կրպակատերերը հավաստիացնում են, որ իրենք պատշաճ վճարել են բոլոր հարկերը եւ տարակուսանք հայտնում՝ եթե մինչ այդ իրենց գոյությունն այստեղ ապօրինի է եղել, այդ դեպքում ինչո՞ւ են իրենց վճարած հարկերը օրինական համարեր։ Բացի այդ՝ տարածքի բոլոր կրպակատերերը հավաստիացնում են, որ հարկերը վճարել են մինչեւ այս տարվա ապրիլի ամիսը:

Ի՞նչ է ճակատագիր է սպասվում տարածքում իրենց հանապազօրյա հացը վաստակող արհեստավորներին եւ նրանց ընտանքիներին։ Հարցի պատասխանը ոչ ոք չգիտի:

Տարածք ժամանած քաղաքապետարանի աշխատակիցները հրաժարվեցին մեկնաբանել իրավիճակը։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայության եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի բակում տեղադրված կրպակների ապամոնաժման մասին առաջին անգամ մեզանից է տեղեկանում: