Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպաններին ուղորդում են դրսի ուժե՞րը (տեսանյութ)

Հասարակություն
d8abfda2df9c46e8727146811c755a68

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց. «Խորաթափանց եղա Մաշտոցի պուրակի խնդրի մեջ եւ հասկացա, որ Մաշտոցի պուրակում ցույց անող երիտասարդների մեջ երեք շերտ կա»։

Առաջին շերտը, որն ըստ Բադեյանի, ամենամեծաքանակն է, «դրսի ուժերի կողմից ուղորդվող եւ հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող մարդիկ են», որոնք ուզում են ապակայունացնել Հայաստանը։ Երկրորդ՝ փոքրաթիվ հատվածը, ըստ նրա, իրոք երկրի պաագայով ու բնապահպանական խնդիրներով մտահոգ երիտասարդներն են, երրորդը՝ պատգամավորի բնորոշմամբ, «մարտնչող տգետներն են», որոնք ի հայտ են գալիս, երբ Հայաստանում «սկսվում է քարը քարի վրա դրվել»։

«Ա1+»-ի հարցին. արդյո՞ք «դրսի ուժերի ներգրավվածությունը» պատգամավորի ենթադրությունն է, թե՞ նա հստակ տվյալներ ունի, պարոն Բադեյանը պատասխանեց, թե. տվյալներ ունի, բայց չի ասի, «որ չմեղադրեն, թե սուտ լուրեր եմ տարածում»։

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ Ռուբեն Հախվերդյանն էլ իր հերթին նշեց, որ թեեւ սկզբից լիովին սատարում էր պուրակում կրպակների տեղադրման դեմ ընթացող պայքարը, բայց հիմա սկսել կասկածանքով վերաբերել ցուցարարների անկեղծությանը։

«Պաշտպանող են, թող գնան քաղաքի «նարեկիզմները» պաշտպանեն», - ասաց Հախվերդյանը։ Նա հավատում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ինքը իր հոր տղան ա, ու իր խղճին դեմ գնալ չի կարող»։

Մանվել Բադեյանին մտահոգում է Աբովյանի պուրակում տեղադրված կրպակներում աշխատողների ճակատագիրը։ «Էստեղ սոցիալական խնդիր է լուծվում։ Ի՞նչ է, ծայրամասերի կրպակատերերին էդքան ընդառաջեցին, Կենտրոնի աշատղներին պետք չի՞ ընդառաջել»,- ասաց Բադեյանը։

Ռուբեն Հախվերդյանն էլ, հայտարարեց. «ձուկը գլխից ա հոտում» եւ հավելեց. «թող էս իշխանությունները հրաժարական տան, հարցերն էլ կլուծվեն»։

Ի դեպ, հանդիպման ընթացքում Հախվերդյանը փորձում էր ապացուցել Մանվել Բադեյանին, որ հիվանդանոցներում բժիշկներին ստիպում են անդամագրվել ՀՀԿ-ին, այլապես՝ սպառնալով հեռացնել ախշատանքից։

Մանվել Բադեյանը հերքեց այդ լուրերը, իսկ Ռուբեն Հախվերդյանը հենց ասուլիսի ընթացքում զանգեց Բժշկական համալսարանի առաջին հիվանդանոցում աշխատող իր մերձավորին, որը հաստատեց, որ իրեն և իր կոլեգաներին ստիպում են անդամագրվել Հանրապետական կուսակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում