Սպանությունները շատացել են, դատախազը դժգոհ է քննիչներից (տեսանյութ)
2011-ին Հայաստանում աճել են սպանության դեպքերը: ՀՀ դատախազության տվյալներով, եթե 2010թ. գրանցվել է 41 դեպք, ապա 2011-ին` 60: Դեպքերի գերակշիռ մասը տեղի է ունեցել Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում:
Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում 2011-ին հանցագործություններն էապես նվազել են ԱՊՀ երկրների ցուցանիշներով: Նա հպարտությամբ նշեց, որ ԱՊՀ երկրների շարքում մեր երկրի ցուցանիշները վերջից 2-րդ տեղում են: Վերջին տեղում Տաջիկստանն է։
«Եթե բնակչության թվով ենք վերցնում, 100 հազար բնակչին ընկնող թվով Հայաստանը վերջին տեղում է հանցավորության մակարդակի առումով»,- տեղեկացրեց Աղվան Հովսեփյանը:
Ըստ նրա` պետք չէ մխիթարվել այս ցուցանիշներով, քանի որ հանցավորության մակարադակի իջեցման առումով դեռ լուրջ անելիքներ կան, սակայն. «փառք Աստծո, կարողանում ենք ազդել հանցավորության մակարդակի վրա»,- ասաց:
Կոլեգիայի նիստի ընթացքում, բացի ցուցանիշները հրապարակելուց, հնչեցին նաեւ գնահատականներ: Աղվան Հովսեփյանը հատկապես դժգոհ էր քննիչների աշխատանքից: Ըստ նրա` քննիչները երբեմն փորձաքննություն են անում, որի անհրաժեշտությունը քրեական գործում ընդհանարպես չկա, կամ հարցեր են առաջադրում փորձագետին, որի պատասխանները քրեկան գործին ոչինչ չեն տալիս.
«Ցավով եմ ասում ու լսում նման դեպքերի մասին: 3 ամսական երեխայի դիահերձման փորձաքննության նշանակման ժամանակ քննիչը հարց է տալիս` ալկոհոլ, նարկոտիկ կա, թե՞ չկա: Ընդհանրապես, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- մեկնաբանել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նրան հատկապես վրդովվեցրել է փորձագիտական հիմնարկները ավելորդ ծանրաբեռնելու՝ քննիչների բնավորությունը։
«Բյուջեից անհարկի գումարներ ենք հատկացնում այդ անտեղի փորձաքննություններն իրականացնելու համար, որոնք ոչ մի ապացուցողական նշանակություն չունեն»,- ասել է գլխավոր դատախազը: