Խոչընդոտել են Ծառուկյանի բարեգործությանը
Փետրվարի 27-ի առավոտյան «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տրամադրած ուսանողական անվճար ավտոբուսներին թույլ չեն տվել Աբովյանից Երեւան ուղեւորվել:
Աբովյան-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Քինգ Դելյուքս» ընկերությունը պնդում է, թե ուսանողական անվճար ավտոբուսներն իբր խոչընդոտում են Աբովյան-Երեւան կանոնավոր երթուղու աշխատանքը:
«Ա1 +»-ին հայտնի դարձավ, որ նախկինում Աբովյանում ներքաղաքային տրանսպորտն արժեր 50 դրամ, այժմ դարձել է 100 դրամ, իսկ Աբովյանից Երեւան ուղեվարձը 150-ից դարձել է 200 դրամ:
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, որն արդեն 11 տարի իրականացնում է ուսանողների անվճար տեղափոխում, այժմ սկսել է նաեւ սոցիալապես անապահով խավին անվճար երթեւեկելու հնարավորություն տալ:
Աբովյանցիները միայն շնորհակալ են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, որն այս իրավիճակում օգնության ձեռք է մեկնել սոցիալապես անապահով խավին:
Շատերը խոստովանում են, որ իրենք շնորհիվ բարեգործության հնարավորություն են ստացել հասնել Երեւան:
Ի ուրախություն սոցիալապես անապահով խավի, այս միջադեպը հարթվել է եւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը կշարունակի ֆինասավորել Աբովյան-Երեւան տրանսպորտը` ուսանողների եւ սոցիալապես անապահով խավի անվճար փոխադրման համար: