Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

НТВ-ի հաղորդավարն ըմբոստացել է

Հասարակություն
451caf61ccc7ea3290f92a5206c84c49

Ռուսական НТВ հեռուստաընկերության սպորտային նորությունների հեռուստահաղորդավար Յուլիա Դեժնովան փետրվարի 29-ին դիմում է գրել եւ հեռացել աշխատանքից, հայտարարելով, որ արդեն հոգնել է հովանավորներին գովերգելու եւ վաղուց բոլորին հայտնի նորություններ կարդալու պարտադիր պայմանից։

Այլեւս իմաստ չեմ տեսնում եւ ամաչում եմ իմ աշխատանքից,- Newsru.com-ին հայտնել է հաղորդավարուհին եւ հավելել,- ստիպված ես լինում պատմել երեկվա նորությունները, համեմել տափակ կատակներով ու իրադարձությունների մասնակիցների կցկտուր արտահայտություններով։

«Հոկեյի Ազգային Լիգայի խաղերն, օրինակ, ավարտվում են գիշերը, սակայն НТВ-ն իրավունք չունի հրապարակել նորությունը։ Իսկ իմ հեռուստադիտողները՝ մայրս, պատահական մարդիկ, ոչ մի կարեւոր եւ օգտակար տեղեկություն չեն ստանում, որովհետեւ նորություններում ուշադրության արժանի որեւէ լուր չի կարելի հաղորդել։

Դեռ 5 տարի առաջ, ուղիղ եթերից ադրենալին ստանալուց բացի, ես իմ աշխատանքով կարողանում էի օգնել մարդկանց, օրինակ՝ մարզիկին, որին Օլիմպիադայում հաղթելուց հետո չի ստացել խոստացված բնակարանը, մանկակական սպորտային բաժնին շենքային պայմաններով ապահովելու հարցը բարձրացնել եւ այլն։

Հետո արդեն պահանջեցին չխառնվել «ինձ չվերաբերվող գործերին»։ Մարզիկները շարունակում են դժգոհել, նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց ինձանից պահանջում են չխոսել այդ մասին։ Հետո եկավ հրահանգ՝ «Զենիթի» մասին խոսել կամ լավ, կամ՝ ոչինչ։ Թիմի հովանավորը մեր հովանավորն էլ է եւ նրանք չեն ամաչում չարաշահել իրենց դիրքը։

Ես ինչպե՞ս աշխատեմ մի հեռուստաընկերությունում, երբ ինքս չեմ ուզում նայել այն, ինչ ցուցադրում ենք՝սերիալներ, շոու եւ լուրեր, որ մենք ենք կեղծում եւ հնարում։ «Հաց եւ ցուցք», սա է ընդամենը։ Այն, ինչ հիմա մենք ենք անում, Տրոյանի իշխանության օրոք ծաղրում էր հռոմեացի բանաստեղծ-կատակերգու Յուվենալը, որին էլ պատկանում է հիշատակված արտահայտությունը։

Արեւմտյան լրատվամիջոցները չեն շեղվում տեղեկատվության սկզբունքից եւ ցանկացած կարեւոր իրադարձություն լուսաբանելիս, անպայման ունենում են մասնագետների եւ փորձագետների հակադիր կարծիքներ։ Մեզ մոտ ընդունված է եթեր հեռարձակել միայն մեկի «ճշմարիտ» կարծիքը։ Այս իրավիճակը ձեւավորել են ալիքի «փայլուն ուղեղները»։ Նման հիմարների ստորաքարշ գործելաոճը միայն կարող է մեկ ռեակցիա առաջացնել-կատաղություն»,- ասել է սպորտային լուրերի թողարկման պատասխանատուն։

Նա պատմել է, որ Մոսկվայում տեղի ունեցած բողոքի երթը ռուսական առաջին ալիքը ներկայացրել է որպես «Սպարտակի» համակիրների միջոցառում, РТР-ը՝ որ հրապարակ են դուրս եկել Պուտինի կողմնակիցները, իսկ НТВ-ն՝ «Այդ օրն իմ հերթափոխն էր։ Մերոնք ոչինչ չկարողացան հնարել եւ գերադասեցին լռել։ Ավելի ճիշտ, սկսեցին պատմել արտասահմանյան լուրերը եւ գործի գցեցին իմ «անշառ» նորությունները՝ սպորտից։ Բայց մարդիկ հիմար չեն եւ լավ հասկանում են ամեն ինչ ու ծիծաղում մեզ վրա։ Այնպես որ, սա ժամանակի դատարկ ու անիմաստ կորուստ է ինձ համար»,- ասել է Յուլիա Դեժնովան։