Սիդնեյ քաղաքը ջրասույզ է լինում (տեսանյութ)
Ավստրալիայում ահագնացող ջրհեղեղը մոտենում է մայրաքաղաք Սիդնեյին։
Քաղաքը տեղակայված է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում, որի տարածքի ավելի քան 75 տոկոսը, որն ի դեպ, Ֆրանսիայի տարածքի չափ է, արդեն ջրասույզ է եղել։ Միակ մխիթարանքն այն է, որ ավստրալիական այդ նահանգը խիտ բնակեցված չէ, ինչպես Ֆրանսիան։
Շուրջ 40 ժամ տևող հորդառատ անձրևը բերնեբերան լցրել է Նոր Հարավային Ուելս նահանգի Ուարագամբա քաղաքի ջրամբարը, որի հետևանքով ջրի ամբարտակները ավտոմատ կերպով բացվել են, իսկ խմելու պիտանի ջուրը լցվում է Խաղաղ օվկիանոսը,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Վերջին օրերին այդ նահանգից իրենց տները լքել են ավելի քան 4 հազար բնակիչներ։ Այս պահին ավստրալիական մեգապոլիսի հյուսիս արևմտյան շրջաններից, փրկարարները էվակուացնում են ևս 1000 հոգու։
Նոր Հարավային Ուելսի Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Մյուրրեյ Քիրը ուղերձով դիմել է նահանգի բնակիչներին, խնդրելով աչալուրջ լինել, քանի որ մոտ օրերին եղանակը կարող է սահմանել վերջին 120 տարիների ռեկորդը։
Փրկարարները խորհուրդ են տալիս մարդկանց իրենց մոտ ունենալ անձնական փաստաթղթեր, բրդյա շալեր, դեղամիջոցներ և անձնական հիգիենայի պարագաներ։ Բացի այդ, անդադար լսել ռադիոհաղորդումները, որպեսզի զգուշանան և մոտ չգնան ջրասույզ եղած վայրերին և մոտեցող հորդառատ ջրերին։
Օդերևույթաբանները կանխատեսել են, որ անձրևները Սիդնեյում աստիճանաբար կդանդաղեն և հնարավոր է, որ երկուշաբթի օրը հաստատվի արեւային եղանակ։