Լրատվամիջոցները զավթե՞լ են տարածքը (տեսանյութ)
Մամուլի շենքը հայտնվել է պետական գույքի կառավարման վարչության ուշադրության կենտրոնում: Վարչությունն այստեղ մի շարք խախտումներ է հայտնաբերել տարածքների վարձակալության հետ կապված: Խոսքը մասնավորապես վերաբերում է լրատվամիջոցներին.
«Ըստ էության, մամուլի շենքը նախատեսված է մամուլի զարգացման համար, ինքն իր նպատակին պետք է ծառայի: Մենք այնտեղ ունենք անհատույց օգտագործման տարածքներ կամ վարձակալությամբ տրված տարածքներ տարբեր լրատվամիջոցների, որոնք արդյունավետ չեն օգտագործում այդ տարածքները»,- այսօր "Ա1+" -ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ըստ պարոն Սահակյանի` մի շարք լրատվամիջոցներ փորձել են իրենց տարածքներից օգուտներ քաղել եւ դրանք վարձակալությամբ տրամադրել են մեկ այլ կազմակերպության. «Եթե պետությունը մի բան անհատույց տվել է, օրենքի խախտում է, երբ ենթավարձակալությամբ, ինչ-որ վարձով տրվում է այլ մի կազմակերպության: Կան տարածքներ, որոնք նույնիսկ չեն տրվել այդ լրատվամիջոցներին, բայց դրանք զավթված են»:
Մայիսին լրանում է մամուլի շենքում գործող 50-60 լրատվամիջոցներից 80 տոկոսի պայմանագրային ժամկետները եւ պետ գույքի կառավարման վարչությունը նոր գործալեաոճ է որդեգրելու»։
«Մշակույթի նախարարությունում այս պահին մշակվում են չափորոշիչներ, թե ի՞նչ չափորոշիչներ պետք է ունենա լրատվամիջոցը, որ ինքն ունենա անհատույց օգտագոծման տարածք»,- Տեղեկացրեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը:
Պարոն Սահակյանին զարմացրել է շենքի որոշակի հատվածների ոչ նպատակային օգտագործումը. «օրինակ՝ կան զավթված միջանցքներ, օրինակ՝ կան տարհանման մուտքր զավթված, որոնք փակված են: Եթե Աստված մի արասցե, մի դժբախտություն լինի շենքում, ամբողջ արտակարգ իրավիճակների հետ կապված տարհանման մուտքերը փակված են»:
Թե որքա՞ն վնաս է հասցվել պետությանը, Արման Սահակյանը դժվարացավ ասել, նշեց միայն, որ այդ թվերը քաղաքաշինության նախարարությունը պետք է ներկայացնի: