Սխա՞լ են հասկացել
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գրքերի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված էր այս ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների սխալ ընկալմամբ։
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության նիստում ասել է.
«Ի դեպ, մեր մոնիտորինգը ցույց է տվել, որ բարձրացել են խիստ սահմանափակ թվով գրքերի գներ։ Ֆինանսների նախարարությունն արդեն տվել է համապատասխան պաշտոնական պարզաբանում, որն ամբողջությամբ կարգավորում է խնդիրը։ Տնտեսվարողները գոհ են պաշտոնական պարզաբանումից, որի արդյունքում համապատասխան փոփոխություններ կկատարեն իրենց հաշվառման ընթացակարգերում, և դրա արդյունքում առաջիկա մի քանի օրերի ընթացքում այն գրքերի գները, որոնք բարձրացել էին այս մի քանի օրերի ընթացքում, կվերադառնան նույն մակարդակ։ Այդուհանդերձ, օգտվելով առիթից` կոչ եմ անում բոլոր սպառողներին` եթե կտեսնեն, որ գրքերի գները, որոնք այս խնդրի կապակցությամբ բարձրացել են, չեն փոխվի, կմնան նույն մակարդակին, անպայման դիմել հանձնաժողովին»։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է հետևել իրադարձությունների զարգացմանը, որից հետո նորից անդրադառնալ այս խնդրին։