Տղամարդն իրազեկեց, որ կանայք իրավունք ունեն (տեսանյութ)
Կանանց միջազգային օրվա առիթով մեկ անգամ ևս հիշենք, որ չպետք է կիրառել բռնություն կանանց նկատմամբ: Այս առիթով այսօր «Կանանց իրավունքների կենտրոն» կազմակերպության անդամները փողոց էին դուրս եկել:
Նրանք Սարյանի արձանի մոտից երթով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա` ճանապարհին կանանց և աղջիկներին նվիրելով ծաղիկներ և բռնության դեմ պայքարի մասին իրազեկող քարոզչաթերթիկներ:
«Կանանց իրավունքների կենտրոնի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիաննա Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ակցիային միացել են նաև տղամարդիկ։
«Շատ կարևորում ենք այդ փաստը, քանի որ միշտ կանայք են խոսել կնոջ իրավունքներից, այս անգամ փորձել ենք այնպես անել, որ տղամարդը նույնպես իրազեկի կանանց, թե ի՞նչ իրավուքններ ունեն և քաջալերեն կանանց»,- տեղեկացրեց Դիաննա Սարգսյանը։
«Ծաղիկներ նվիրելով, ցանկանում եմ, որ կանայք առօրյայից մի փոքր կտրվեն և ժպտան: Կանանց պետք է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն տոն օրերին, այլ նաև ողջ տարվա ընթացքում: Ես որպես կամավոր եմ միացել այս ակցիային և ուրախ եմ, որ իմ լուման կունենամ կանանց իրավունքների իրազեկման գործընթացում»,- անկեղծացավ Արման Սարգսյանը: