Երեւանը կմնա միայն հուշերում
«Արդեն 3 տարի է, ապրում եմ Երևանում եւ ամեն օր այստեղ հայտնաբերում եմ նոր, ինքնատիպ ու վառ երևույթներ։ Յուրաքանչյուր քաղաք կենդանի է իր պատմությամբ և այդ քաղաքի մասին սերնդեսերունդ փոխանցվող հիշողությամբ։ Մեր հիմնական նպատակն է՝ պահպանել և երիտասարդ երևանցիներին փոխանցել 20-րդ դարի Երևանի սիրտն ու ոգին, որպես օղակ, հնի ու նորի ստեղծման ճանապարհին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։
Պարզվում է, որ «Երեւան. 20-րդ դար» խորագիրը կրող նախագծով «ԱրմենՏել» և «Մեդիամաքս» ընկերությունները որոշել են Հայաստանի երիտասարդներին տեղեկացնել հին Երեւանի հայտնի շինությունների մասին։
Ծրագրի շրջանակներում «Մեդիամաքս»-ի կայքում կազմակերպվել է «Երեւան. 20-րդ դար» վերնագրով էջը, որտեղ տեղադրվել են հին եւ նոր Երեւանի ճարտարապետական շնությունները պատկերող լուսանկարներ, ինչպես նաեւ տեսանյութեր։ «Երեւան. 20-րդ դար» նախագծի ուշադրությանն արժանացած առաջին կառույցը «Փակ շուկան» է։
«Նյութերը տրամադրել են քաղաքացիներ, Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Նշեմ, որ մենք շատ խստորեն պահպանում ենք հեղինակային իրավունքները»,- ասաց «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը։
Նա տեղեկարեց նաեւ, որ նախագծով հանրությանը կներկայացնեն երեւանյան եւս 10 հայտնի վայրեր եւ կառույցներ՝ Կարապի լիճը, հայտնի պոնչիկանոցի շենքը եւ այլն։
Նախագծի մեջ ներառված են նաեւ երեւանցիները եւ տարբեր ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները։