Գանգրահեր տղաների երթը՝ դեպի Չարենց
Ու նրանց երթից,
Աչքերը հառած քարերին խաղաղ
Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս
Մի կապուտաչյա, գանգրահեր տղա:
Պիոներական փողկապը վզին...
Նայում է ապա նա փոշոտ քարին
Աղեղանման հոնքերի տակով...
Գրված է վրան.- «Եղիշե Չարենց,
Բանաստեղծ, ծնված Մակու
քաղաքում»:
Անցյալից՝ ներկա Հայաստանի իրական պատկերը լուսաբանող թերեւես ամենաարդիական երգչի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրն այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը եւ քաղաքապետարանի կրթության վարչությունը նշեցին յուրօրինակ երթով։
Ըստ մտահղացման՝ 115 գանգրահեր տղաներ 115 կարմիր և սպիտակ մեխակներ պիտի դնեին Չարենցի հուշարձանին: Այսօր նրա ծննդյան 115-րդ տարեդարձն է։
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցների պատանիներն ու պարմանուհիները գրողի տուն-թանգարանից առավոտյան երթով շարժվեցին դեպի նրա հուշարձանը: Գանգրահեր տղաները, սակայն, կլինեին մի 10-15 հոգի։ Երթը հիմնականում մասնակցում էին 13-ից 15 տարեկան դպրոցականներ, ուսուցիչներ։
Ընթացքում երթին միացան նաև գրողներ, չարենցագետներ: Իսկ մենք փորձեցինք դպրոցականներից պարզել. գիտե՞ն թե ուր են գնում: Աշակերտները հիմնականում խուսափեցին պատասխանել մեր հարցերին ու առավելեւս՝ ներկայանալ։ Իսկ ովքեր ներկայացան, պարզվեց, որ Չարենցին այնքան էլ չեն ճանաչում, որոշներն ասացին, որ չեն սիրում ու շատ քչերը եղան, որ գիտեին որեւէ տող նրա գրածներից։
«Այդքան էլ դուր չեն եկել որևէ ստեղծագործություն»,- բառացիորեն ասաց Երեւանի թիվ 106 դպրոցի աշակերտ Դերենիկ Սարդարյանը:
«Երեխեք, գիտե՞ք ուր եք գնում»,- «Ա1+»-ի հարցին միաբերան պատասխանեցին՝ Չարենցի տուն թանգարան:
Հիշեցնենք, որ երթը սկսվել էր գրողի տուն-թանգարանի մոտից, իսկ մենք նրանց հարց ուղղեցինք Սայաթ-Նովա փողոցի վրա, տիկնիկային թատրոնի մոտ։
Իսկ ահա միջոցառման կազմակերպիչները , տեղեկանալով, որ իրենց սաները տեղյակ չեն, թե ո՞ւր են գնում, փորձեցին նրանց արդարացնել։
Ի դեպ՝ նրանք նույնպես հրաժարվում էին ներկայանալ՝ երթը գլխավորող տիկնայք։ Իսկ ով ներկայանալու կարիք չուներ, քանի որ դեմքը հայտնի էր բոլորին, օրինակ՝ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, իրավիճակը փրկելու ինքնատիպ փորձ արեց. «Երևի ռուսերեն ես հարցրել»,-ասաց:
Չարենցի հուշարձանի մոտ երեխաներին դիմավորեցին դերասան Ազատ Գասպարյանը, գրողի թոռը` Արմեն Չարենցը և չարենցագետներ: Միջոցառման հանդիսավոր բացման պատասխանատվությունն իր վրա վերցրեց դերասան Ազատ Գասպարյանը:
«Ի՞նչ ունի այսօր, ի՞նչ ցնորք ու խոհ,
Ողջը հավաքել ու քեզ է տվել:
Տվել է, որ դու այդ ամենը այս օրերին խառնած,
Խոր հավատքով լի, պարզես գալիքի ցնորքին անհաս
Եվ ընդմիշտ մնաս մեծ ու սիրելի»,- ասմունքեց Ազատ Գասպարյանը:
«Ես կարծում եմ, որ Չարենցի ծնունդը ազգային տոն է, որովհետև աստված կամեցել է, որ հայ ժողովուրդը ունենա այսպիսի հանճարեղ զավակ: Չարենցը իմ մեջ ունի արյան կանչով մղված զգացողություն, ես իրեն և ֆիզիկապես պապ եմ գիտակցում և հոգևոր պապ նույնպես»,- իր հերթին ասաց Չարենցի թոռը՝ Արմեն Չարենցը:
Իսկ ահա գանգրահեր պատանիները իրենց հետ բերած մեխակները դրեցին մեծ գրողի հուշարձանին և ում հանձնարարված էր, կարդաց գրողի բանաստեղծություններից որեւէ մեկը՝ ի երախտագիտություն «օրվա հերոսի». «Կփոխվի տարիքը, կփոխվի մարդը...
Օրերը ծուռ կլին, տարին կմնա»:
Ի դեպ, ոչ ոք այդպես էլ չգիտեր կամ չէր հիշում նրա՝ «Գանգրահեր տղան».
Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սի՛րտն է թաղած,
Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,
Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,
Մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ...։