Տատիկիս կյանքն իմ այսօրն է
Կանանց միջազգային 10-րդ կինոփառատոնի շրջանակներում, մարտի 15-ին եւ 16-ին Ստամբուլի «Բեյօղլու» կինոթատրոնում ցուցադրվելու է Սյուզան Խարդալյանի «Իմ տատիկի խարանը» ֆիլմը։
Հայկական արմատներով շվեդացի ռեժիսոր Սյուզան Խարդալյանի ֆիլմի մասին «Hurriyet» թերթը գրել է. «վավերագրական այդ ֆիլմում Խարդալյանը պատմում է 1915 -ի իրադարձությունները վերապրած իր Խանում տատիկի մասին»։
Անձամբ Սյուզան Խարդալյանը թերթին տված հարցազրույցում ասել է, թե ուրախ է, որ իր ֆիլմը հասանելի կլինի թուրք դիտողին։
«Իմ ֆիմը հնարավորություն կտա երկխոսություն ծավալել և բարձրացնել այն հարցերը, որոնց մասին լռում են, կամ դժվարանում են խոսել։ Իրականում ֆիլմը պայքարի հրավեր է արմատավորված տաբուներին, որոնցից տուժում են և հայերը և թուրքերը»,- ասել է Սյուզան Խարդալյանը, նշելով, որ շատ հուզված է ֆիլմի ցուցադրման համար, քանի որ այն խորը և անձնական է։
«Մինչ ֆիլմը նկարելը, ես երկար մտածել եմ. Արժե՞ ստեղծել այն, թե ոչ, սակայն ի վերջո հասկացել եմ, որ պետք է դա անեմ։ Թեև ֆիլմը տատիկիս մասին է, բայց նույնքան և իմ մասին է։ Նա իմ այսօրվա իրականությունն է»,- ասել է Սյուզանը։
Նա «Hurriyet»-ի թղթակցին ասել է, որ ինքը թեև Թուրքիայում երբեք չի եղել, բայց այդ երկրի աշխարհագրությունը անգիր գիտի։