Մաշտոցի պուրակում միայն մեկ վրան (տեսանյութ)
Այսօր Երևանի գլխավոր պողոտային հարող պուրակում ոստիկանները փորձել են հեռացնել բնապահպանների տեղադրած վրանը:
«Ոստիկաններն ավելացան, ցանկանում էին վրանը հանել, մենք շրջապատեցինք վրանը, տեսնելով որ ուժի միջոցով չեն կարող խոսել, սկսեցին համոզել մեզ, որ վրանը հեռացնենք»,- «Ա1+»-ին պատմեց բնապահպան-ակտիվիստ Կարինե Ղադյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը տեղեկացրեց. «մենք քննարկեցինք իրար հետ, որ ՀՀ Սահմանադրության մեջ վրանների չտեղադրման մասին հոդված կամ ակնարկ չկա, հասկացանք, որ եթե վրան է դրված, ոչինչ, թողեցինք, որպես բարի կամքի դրսևորում»:
Ոստիկանները, սակայն, բնապահպաններին զգուշացրել են, որ թույլ չեն տալու մեկից ավելի վրան տեղադրել Մաշտոցի պուրակում:
«Հաստատ մենք չենք թողնի, որ մի վրան ալևս ավելանա»,- զգուշացրեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալը։
Երիտասարդները համակերպված լինելով ոստիկանների որոշման հետ, պուրակի մի անկյունում որոշում էին, թե ովքեր են գիշերելու միակ վրանում։
«Որոշում ենք՝ որտե՞ղ ենք քնելու, քանի հոգո՞վ ենք լինելու, քնապարկեր ունե՞նք, թե ոչ, վրան ունե՞նք թե չէ»,- տեղեկացրեց քաղաքացիական-ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:
Բնապահպանները հայտարարեցին, որ չեն հեռանալու այգուց, նրանցից ոմանք արդեն տեղավորվել էին վրանում և տաք թեյ էին խմում:
«Ինձ թվում է՝ էլի մարդիկ կլինեն, էլի վրաններ կավելացնենք, չեն թողնի՝ դրսում կնստենք, ի՞նչ է եղել, թող իրենց խղճին մնա»,- ասաց Լիլիթ Ղազարյանը:
Ի դեպ, բնապահպանների և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետ Տարոն Մսարգարյանի՝ վարույթ է ընդունել Քաղաքացիական գործերով Վարչական դատարանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումները, որոնց հիման վրա տեղի է ունենում Մաշտոցի այգում իրականացվող շինարարությունը: