Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լույս սիրող զավակները» մնում են այգում

Հասարակություն
dacf835eaae4bbab19bd3ed5d9d4c60c

Մաշտոցի այգին այսօր կեսգիշերն անց մարդաշատ էր: Մի քանի տասնյակ երիտասարդներ` տեղեկանալով ժամեր առաջ ոստիկանության գործողությունների արդյունքում այգում տեղադրված միակ վրանի «ապամոնտաժման» մասին, հավաքվել էին` ազդարարելու, որ «Հայաստանի Հանրապետության լույս սիրող զավակները» շարունակում են պայքարը հանուն իրենց հանրային իրավունքների»:

«Մենք շարունակում ենք խաղաղ նստացույցը: Մենք շարունակում ենք պնդել մեր պահանջը` էս կրպակները ապամոնտաժվելու են: Մենք լույսն ենք սիրում, ոչ թե խավարը, մենք խավարասերներ չենք, մենք գործում ենք լույսի տակ, ու վաղը` լույսով կշարունակենք մեր գործողություննրը: Մենք վրաններ ենք խփելու էստեղ, ոչ թե մեկ, այլ մի քանի հատ ու ոչ ոք չի կարող մեզ արգելել այդ», - հայտարարեց բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 9-ի սահմաններում ոստիկանները տարել են Մաշտոցի այգում տեղադրված վրանը, որում գիշերում էին շուրջօրյա նստացույցի մասնակիցները: Ականատեսների պատմելով ոստիկանները վրանը տարել են` բռնի կերպով հանելով այնտեղ գտնվողներին:

«Վրանում քնած եմ եղել ու արթնացել եմ նրանից, որ վրանը ջարդում էին: Արթնացել եմ, տեսել եմ, վերեւումս վրան չկա», - պատմեց ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը: Նրա ընկերներն ավելացրին, որ ոստիկանները նախօրոք չեն զգուշացրել իրենց քայլերի մասին, իրենց ուշադրությունը շեղել են քիչ այն կողմում բարձրաձայն վիճող մարդկանց միջոցով:

Այգում գտնվող բարձրաստիճան ոստիկանները, որոնց թվում էին Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եւ ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը, «Ա1+»-ի հարցերին ի պատասխան խորհուրդ տվեցին դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն: Միայն հարցին, թե արդյոք վրանի «ապամոնտաժման» ընթացքում քիչ այն կողմ հավաքված մարդկանց վեճը հատուկ մտածված հնարք չէր, գնդապետ Օսիպյանը պատասխանեց. «Սրանք իրենցից ի՞նչ են ներկայացնում, որ մի հատ էլ հատուկ օպերացիա մշակեինք»:

Գիշերը այգում էր նաեւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա «Ա1+»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ոստիկանության գործողությունները չեն բխում նրա օրինական լիազորություններից, քանի որ, ըստ պատգամավորի, ցուցարարները որեւէ ապօրինի գործողություն այգում չեն իրականացրել:

«Ոստիկանությունը օրեր առաջ զգուշացրել էր, թե կդիմի վճռական գործողությունների, եթե երիտասարդները փորձեն դիպչել կրպակներին, բայց նման բան չի եղել: Ոստիկանությունը պարզապես փորձել է այս կերպ վախեցնել երիտասարդներին, նրանց ինչ-ինչ քայլերի հրահրել, սակայն, ինչպես տեսնում եք, երիտասարդներն ավելի հեռատես են. ոստիկանության կոշտ գործողությունները հակառակ արդյունքն են տվել` ցուցարարների թիվը մի քանի անգամ ավելացել է: Բնության օրենքն է, ցանկացած ազդեցություն հակազդեցություն է առաջացնում», -ասաց տիկին Բախշյանը:

Չնայած տեղացող անձրեւին, ակտիվիստների թիվն այգում չէր պակասել: Նրանք մինչեւ ուշ գիշեր երգեր էին երգում ու միմյանց տաք թեյ ու ապուր հյուրասիրում:

Ի դեպ, ակցիային մասնակցում են ոչ միայն երեւանցի երիտասարդներ: Նրանց են միացել Գյումրիից, Էջմիածնից, Տավուշից ժամանած ակտիվիստներ: Նրանք սպասում են նաեւ Վանաձորից, Ջերմուկից եւ հանրապետության այլ վայրերից իրենց համախոհ ընկերների ժամանմանը: