Բնապահպանները երթ արեցին
Այսօր բնապահպանները Մաշտոցի պուրակից երթով հասան մինչև Կառավարության շենք, ճանապարհին վանկարկելով՝ «Կանաչ, մաքուր Երևան, այգին մերն է»:
«Կառավարություն՝ գլորիր շարիկ գույնզգույն, մեր պահանջը հայտնի է, առանց բուտիկ այգի է: ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն»,- հայտարարեց բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:
Կառավարության շենքի մոտ երիտասարդներին մոտեցավ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, որը փորձեց բացատրել երեկ ուշ երեկոյան պուրակից ակտիվիստների վրանը հեռացնելու՝ իրենց գործողությունները:
«Ոչ մի քաշքշուկ չի եղել: Հաստատ ոչ մի վատ բան չի եղել: Ընդամենը վրանը վերցրել և տեղափոխել ենք այլ վայր»,- պարզաբանեց Կարեն Մովսիսյանը։
Մեր հարցին՝ ո՞ւր եք տեղափոխել վրանը,- փոխգնդապետը պատասխանեց. «ոստիկանության մեքենա»:
Ւսկ ահա ակտիվիստների եւ փոխգնդապետի միջեւ ծավալվեց լարված բանավեճ։
Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը նրանց հայտնեց, որ իրենք իրավունք ունեն ցրելու հավաքը. «օժտված ենք այդ իրավունքով»,-ասաց։
Ակտիվիստ Եղիա Ներսիսյանը նրան կշտամբեց. «ձեր երեկոյան նույն ծրագիրը կրկնեք»
ԿարենՄովսիսյանն ի պատասխան հայտարարեց, որ Կառավարության շենքի մոտ ակտիվիստների գտնվելու հանգամանքն անօրինական է:
«Ցրեք, ծեծեք»,- կրկին կշտամբեց Եղիա Ներսիսյանը:
«Դուք ընդհուպ մինչև միջազգային ատյաններ պատասխանելու եք»,- հավելեց Մերի Խաչատրյանը:
Երեկ բնապահպանները նամակ են մուտքագրել կառավարության նամապների բաժին: Նրանք իրենց բողոքը ներկայացրել են նաև Հայաստանի դատախազություն:
Իրադարձություններին հեռվից հետեւում էր Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Կառավարության շենքի մոտ մոտ երկու ժամ կանգնած ակտիվիստներին գործադիրի որևէ ներկայացուցիչ այդպես էլ չմոտեցավ:
Կառավարության կենտրոնական մուտքից դուրս գալու համարձակություն ունեցավ միայն արդարադտության նախարար Հրայր Թովմասյանը, որը շատ արագ, վազքով մոտեցավ իր ծառայողական մեքենային, նստեց եւ հեռացավ: Իսկ ահա մյուս նախարարները կառավարության նիստի ավարտից հետո շենքը լքեցին ետնամուտքով։
Ակտիվիստները երթով վերադարձան Մաշտոցի պուրակ, շարունակելու իրենց նստացույցը: