Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն հրաժարվեց լրագրողների հավաքագրման կարգից (տեսանյութ)

Հասարակություն
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր անվավեր է ճանաչել ընտրությունները լուսաբանելու համար իր սահմանած՝ լրատվամիջոցների հավատարմագրման կարգի պահանջները։

Հիշեցնենք, որ այդ կարգով՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացները թույլ կտա լուսաբանել եւ կհավատարմագրի այն լրագրողներին, որոնք՝

- դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չեն ճանաչվել,

- դիտավորյալ հանցագործության համար չեն դատապարտվել,

- դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված է կամ հանված է,

- ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին չեն տարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը (ինչը հաստատվել է դատարանի վճռով):

«Ա1+»-ը հարցը բարձրացրել է 05.03.12 տպագրված՝ «ԿԸՀ-ն լրագրողներին հավաքագրո՞ւմ է» վերնագրով տեղեկատվության մեջ, որում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար, լրագրող, հրապարակախոս Աշոտ Մելիքյանը այդ կարգը գնահատել էր օրենքին եւ Սահմանադրությանը հակասող։

«Ա1+»-ի լրագրողը ԿԸՀ նիստից հաղորդեց, որ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեկնաբանելով լրագրողների հավատարմագրման կարգի պահանջները անվավեր ճանաչելու մասին որոշումը, ասել է. «Մենք երբեք չենք ցանկացել սահմանափակել լրագրողների աշխատանքը, լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով, լավ կլիներ, որ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեր նաեւ լրագրողների հավատագրման կարգի դրույթի 1-ին կետը:

Այն արգելում է ԿԸՀ-ում հավատարմագրել այն լրագրողին, որն անգործունակ է կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով։

«Մենք կարծում ենք, որ լրատվամիջոցն ինքը պետք է որոշի, թե ո՞ւմ ուղարկի ԿԸՀ եւ եթե այդ լրագրողը սահմանափակ գործունակ է, բայց կարողանում է աշխատել եւ դա բավարարում է խմբագրությանը եւ գլխավոր խմբագրին, ապա այստեղ սահմանափակում չարժե մտցնել»,- մեկնաբանեց պարոն Մելիքյանը։

Նա նաեւ նշեց, որ մնացած պահանջները չեղյալ հայտարարելու դեպքում այս դրույթի պահպանումը չարյաց փոքրագույնն է։

«Սա այնքան վտանգավոր չէ, ինչքան երկրորդ եւ երրորդ կետերը»,- նշեց Աշոտ Մելիքյանը։