Մարտի 25-ին՝ Գյումրիում
2012 թվի մարտի 25-ին Գյումրիում 5-րդ անգամ նշվելու է Խոսքի Ազատության Օրը: Տոնական հանդիսությունը կկայանա մարտի 25-ին ժամը 14:00-16:00-ին Գյումրու «Կինո Հոկտեմբեր»-ի ճեմասրահում` Գյումրի, Վարդանանց (կենտրոնական) հրապարակ հասցեում:
Հանդիսությանը ներկա են լինելու լրագրողներ, ԶԼՄ-ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գործարար աշխարհի մարդիկ:
Անցյալ տարիներին Խոսքի Ազատության Օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ ու զանգվածային լրատվամիջոցներ: Այս տարի նույնպես նախատեսվում է հատուկ պարգեւներ հանձնել իրենց աշխատանքով աչքի ընկած լրագրողների, ԶԼՄ-ների, քաղաքացիների, ինչպես նաեւ` մարդկանց, ովքեր ջանքեր են ներդրել Խոսքի ազատության պաշտպանության եւ լավագույն կիրարկման համար:
Հիշեցնենք, որ Խոսքի Ազատության օրը ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին, այն օրը, երբ տարիներ առաջ համաժողովրդական զորակցության եւ հանգանակության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ` փրկել եթերազրկման սպառնալիքից:
Այս մասին հայտնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը։