Նոր ավտոբուսները վաղը դուրս կգան երթուղի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարությանը` Հայաստանին նվիրաբերված 249 ավտոբուսների համար, որոնց մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ:
Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման և տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաև վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առաջիկայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման և չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։