Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արվեստը տրորելու «առարկա» չէ»

Հասարակություն
4e8d3005ecbce95de63bdb60c204031d

Մի խումբ արձակագիրներ հանդես են ն եկել հայտարությամբ.
«Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա Երևանի Կենտրոնի քննչական բաժնում: Ռազմական ոստիկանությունը որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի զինված ուժերը, վիրավորում է կրոնը և հայ մայրերին:

Իրենց ճաշակի թելադրանքին իրավական տեսք տալու համար ուժային կառույցները երկու ամիս քրեական օրենսգրքում հոդված են փնտրում և այժմ փորձում են հեղինակի դեմ գործ հարուցել քրեական օրենսգրքի 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» վերաբերյալ: Գիրքը փորձաքննության է հանձնվել Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն:

Գրականությունն ու արվեստը ոստիկանության համար տրորելու «առարկա» չէ, և նրան չի հաջողվի վերադարձնել գրականության հանդեպ ֆաշիստական ու ստալինյան ժամանակների վերաբերմունքը:

Ուժային կառույցների գրաքննությունը ոչ միայն արշավ է հայ գրողի դեմ, այլև ընդհանրապես գրականության ու արվեստի, ստեղծագործական մտքի ու երևակայության դեմ, մարդու հիմնարար ազատությունների դեմ:

Եթե արագ չկանխվեն ճնշումները, ապա գրքի միջազգային մայրաքաղաք հռչակված Երևանում այս նախադեպը սպառնում է գրաքննություն տարածել Հայաստանի հրատարակչություններում, տպարաններում և գրախանութներում, ուր վաճառվում են հայ որոշ պաշտոնյաների ճաշակին չհամապատասխանող համաշխարհային համբավ ունեցող բազմաթիվ հեղինակների գրքեր:

Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը խավարի մատնելու ոստիկանության փորձերն իրականանան:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ»: