Թատրոն է գալիս նոր սերունդ (տեսանյութ)
Թատրոնում առկա խնդիրների մասին Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը գերադասում է չխոսել: Այսօր թատրոնի միջազգային օրն է:
Ավանդույթի համաձայն՝ այսօր տեղի կունենա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: 11 անվանակարգերում կպարգևատրվեն անցած մեկ տարվա ընթացքում թատրոններում ստեղծված լավագույն աշխատանքները:
Թեեւ պարոն Ղազանչյանն խոստացավ այսօր չխոսել առկա խնդիրներից, սակայն չկարողացավ չնշել՝ հայ հասարակությանը պետք է հնարավորություն ընձեռվի հեռուստատեթերից տեսնել արժանի արվեստագետների:
Թատերական գործիչների միության նախագահին զայրացնում է նաև այն փաստը, որ յուրաքանչյուր դիպլոմ ունեցող իրեն դերասան կամ ռեժիսոր է համարում: Միաժամանակ նա երիտասարների մի ստվար զանգված է տեսնում, որոնք նոր շունչ ու խոսք են հաղորդում թատրոնին. «Բավական հետաքրքիր սերունդ է գալիս մեզ փոխարինելու, շատ հետաքրքիր երիտասարդություն է գալիս, կարծես թե ստեղծվում է այն մթնոլորտը, այն միջավայրը, որտեղ սկսում են ձևավորվել տաղանդավոր երեխեք»:
Ի՞նչն է պակասում թատրոնին այսօր։ Այս հարցին Հ. Ղազանչյանը պատասխանեց. «Գրագետ հասարակություն», ապա ավելացրեց, որ պետք է թույլ չտալ, որ հասարակությունը քաղաքականացվի: «Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ հասարակությունն այսքան քաղաքականացված չէ,- ասաց Հակոբ Ղազանչյանը:- Ես Ռուսաստանում էի նախընտրական շրջանում և թատերական գործիչների շրջապատում ոչ մի անգամ չտեսա, որ խոսեին քաղաքականությունից»:
«Ա1+»-ի հարցին, թե արդյոք հասարակությունն այսօր հաճախում է թատրոն, նա պատասխանեց, որ միտումը դրական է, և ամփոփեց խոսքը, որ կցանկանար, որ լրագրողները, հեռուստաընկերությունները գիտակցեին, որ իրենց ձեռքին է հասարակության դաստիարակությունը, և պատասխանատվությամբ վերաբերվեին իրենց դերին: