ՄԻՊ-ը ահազանգ էր ստացել (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ահազանգ են ստացել, թե Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի հետնամասում գտնվող կիսակառույցից ընտանիք են դուրս հանում։
«Ա1+»-ի հետ զրույցում ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նառա Կարմիրշալյանը հայտնեց, որ մի ընտանիք դատարանի տարածքում շինարարություն է սկսել:
«Այդ ընտանիքը որևիցե քաղաքաշինական փաստաթուղթ չունի, որ հողն իրենց սեփականությունն է, այսինքն կայամականորեն որոշել են և այդ հողի վրա շինարարություն են սկսել: Քաղաքապետարանը մի քանի օր առաջ իրենցից բանավոր պահանջել է, որ դադարեցնեն շինարարությունը, իսկ իրենք շարունակել են: Այսօր էլ քաղաքապետարանի աշխատակիցները գնացել են, որ դադարեցնեն շինարարությունը և բնակիչներին այդտեղից հանեն: Շինարարությունը դեռ ավարտված չէ, փոքրիկ տուն կամ տնակ է, երևի մի սենյականոց»,-նշեց Նառա Կարմիրշալյանը:
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները բնակիչներին խնդրել են դիմում ներկայացնել գրասենյակ, որպեսզի կարողանան վարույթ բացել այդ գործով։
«Դիմում ներկայացնելուց հետո մենք կկարողանանք քննել և պարզել, թե ինչքանով է օրինական կամ անօրինական շինարարությունը: Դիմումը ներկայացնելուց հետո մենք 10 օրվա ընթացքում իրենց պետք է պատասխան տանք»,- տեղեկացրեց Նառա Կարմիրշալյանը:
«Ա1+»-ը փորձեց հեռախոսակապ հաստատել նաև բնակիչներից մեկի հետ, սակայն նրանք չպատասխանեցին: