Օմբուդսմենը՝ ՊԵԿ-ի մասին
Պաշտպանի գնահատականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• ՀՀ պետական եկամուտների կոմիտեում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների կոմիտեի աշխատակիցների կողմից վերլուծություններն ու ուսումնասիրությունները չեն կատարվել ժամանակին և պատշաճ, իսկ աշխատանքները արդյունավետ չեն կազմակերպվել:
• Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը պատշաճ ձևով ներկայացված չեն եղել մաքսային արժեքի վրա ազդեցություն ունեցող և ավտոմեքենայի վրա տեղադրված լրացուցիչ պահեստամասերի արժեքները:
• Համակարգի աշխատանքներում դեռևս համատարած չի եղել հաստատված վարքագծի կանոնների լիարժեք պահպանումը հարկային և մաքսային ծառայողների կողմից:
• Մաքսային միջնորդների և տնտեսվարող սուբյեկտների համար ՊԵԿ-ի կողմից տարեկան կտրվածքով կազմակերպվել է հայտարարագրերի ներկայացման ուսուցման ընդամենը երկու կամ երեք դասընթաց: Արդյունքում, դեռևս ցածր է տնտեսվարող սուբյեկտների կողմից ինքնահայտարարագրման գործընթացի մակարդակը, մինչդեռ մեծ է մաքսային միջնորդների կողմից ներկայացված հայտարարագրերի քանակը: Նման իրավիճակում մաքսային միջնորդների կողմից սահմանված բարձր սակագները լրացուցիչ տնտեսական բեռ են հանդիսացել տնտեսվարող սուբյեկտների համար:
• «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փո¬փո¬խու¬թյու¬ն¬ները (06.12.2011թ.) որոնք ընդունվել են հապճեպ և առանց հանրային քննարկման, գնահատվում են բացասական: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել նշված հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների նախագծերի հանրային քննարկումներ անցկացնելու, և դրանք ողջամիտ ժամկետում ուժի մեջ մտցնելու և կիրառելու հարցում:
Արձանագրված դրական զարգացումները
• Հարկային և մաքսային հսկողության բնագավառում համատարած ստուգումներից ամբողջական անցում է կատարվել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգին (ՌՉՍՀ), իսկ վերջինս էլ ավտոմատացվել է:
• 2011 թվականին Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկել հնարավորինս բացառելու հար¬կա¬տու-տեսուչ շփումը՝ փոխարենը ներդնելով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների հա¬մակարգը:
• Բարեփոխվել է հարկ վճարողների սպասարկման կազմակերպումը՝ գործարկելով ՊԵԿ համակարգում հարկ վճարողների սպասարկման կենտրոնները և սրահները, հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը, տեղեկատվական տերմինալները, ինչպես նաև ՊԵԿ ուսումնական կենտրոնը:
• Պարզեցվել է հարկային և մաքսային օրենսդրությունը ՓՄՁ-ների համար` բարենպաստ հարկման ռեժիմների ներդրմամբ և հաշվետվությունների քանակի ու պարբերականության օպտիմալացմամբ:
• Ապահովվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների համատարած կիրառումը և ՀԴՄ-ների կտրոնների ստացման մշակույթի ներդրումը:
• Մաքսային վարչարարության բնագավառում ներդրվել է TWM հայտարարագրման ավտոմատ համակարգ, որն ուղղված է մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածի կրճատմանը, մաքսային հսկողության արդյունավետությանը:
• Կրճատվել է մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը և ժամանակը, մաքսային հսկողության համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի քանակը կրճատվել է 5-ով, ներկայումս մաքսային ձևակերպումների ժամանակ պահանջվում է 3 փաստաթուղթ:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան