Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնդեցիներին նախընտրական խոստում տրվեց

Հասարակություն
c17cfe6eec805ac2c66921ecbb870550

Այսօր Կոնդի բնակիչները նորից հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրը։

«Թող կառավարությունը կատարի իր խոստումը, մենք չորս տարի է անտուն ենք և կառավարությունն անգամ չի տալիս մեր ժամանակավոր կացարանների վարձը,- ասացին հրապարակում հավաքվածները, որոնք կառավարության որոշմամբ դարձել էին իրացման գոտոււ բնակիչ:- Թող վերադարձնեն մեր բնակարանները»:

Չորս տարի առաջ Սերժ Սարգսյանն, ըստ նրանց, անձամբ էր խոստացել, որ հարցը արագ լուծում կստանա:

Պայմանագիր էր կնքվել, որ երեսուն ամսում բոլոր բնակիչները ապահովված կլինեն բնակարաններով: Սակայն առ այսօր բնակիչներին չէր հաջողվում անգամ հանդիպել կառավարության ներկայացուցիչներին:

«Նրանք մեզ չեն ընդունում, այլ ոստիկանի միջոցով հայտնում են՝ դուք ճիշտ եք, սակայն մենք պատասխան չունենք»,- բողոքեց Կոնդի բնակիչ Գարեգին Սաֆարյանը:

215 ընտանիք անօթեւան է մնացել: «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն, որը ստանձնել էր բնակիչների համար շենքի կառուցումը, լուծարվել է, և բնակարանների հարցը մնացել է երկնքից կախված:

Կոնդի՝ անտուն մնացած բնակիչների ներկայացուցչին այսօր վերջապես հուսադրող պատասխան էին տվել: Իրա Նազինյանին ընդունել էր Ֆինանսների նախարարի օգնականը, որը հայտնել էր, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է քննարկի «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի ստանձնած պարտականությունները չկատարելու հարցը: Խոստացել են, որ հարցերը մեկամսյա ժամկետում լուծում կստանան: