Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հերթական գրքերը չեն»

Հասարակություն
2dbc90aad5517a4af232b46a000b3b93

Այսօր «Նաիրի» գրատանը տեղի ունեցավ Աշոտ Գաբրիելյանի «Գրպանի բանաստեղծություններ» և Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնություն» ժողովածուների շնորհանդեսը։

Երիտասարդ գրողներն ու գրականագետները դահլիճային ֆորմատից վաղուց հրաժարվել են և այսօր հերթական անգամ հավաքվել էին գրախանութում, որտեղ ավելի «ազատ» ֆորմատով անցկացնում էին երկու գրքերի շնորհանդեսը: Կազմակերպվել էր նաև հյուրասիրություն և գրքերի վաճառք:

Երիտասարդ գրողները և գրականագետները հավաքվել էին շնորհավորելու իրենց ընկերներին, հանդիպելու միմյանց, զրուցելու գրականությունից: Ներկա էին նաև ավագ գրողներ` արձակագիրներ Գուրգեն Խանջյանը և Սուսաննա Հարությունյանը, բանաստեղծներ Հակոբ Մովսեսը, Հուսիկ Արան: Եկել էին նաև զգալի թվով ուսանողներ:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացնելով գրքերը, նշեց, որ այս երկու բանաստեղծները գրական դաշտում նոր անուններ չեն. «Նրանք ոչ թե տարվել են գիրք ունենալու փաստով, այլ մանրամասնորեն, տարիների հետագծով, գրական մամուլում տպվելու արձագանքով կազմել և մեզ են ներկայացրել գրքեր, որոնք կառուցվածքային առումով շատ ամբողջական են: Նրանցից յուրաքանչյուրն ունի անշփոթելի ձեռագիր և ամեն մեկն ունի ընթերցողի իր տեսակը»:

Գրքերը տպագրել է «Անտարես» հրատարակչությունը՝ պետական աջակցությամբ:

Բանաստեղծ Հակոբ Մովսեսն իր ելույթում նշեց որ Աշոտ Գաբրիելյանը և Էդուարդ Հարենցը իր սիրելի բանաստեղծներն են, որոնց մշտապես փնտրում, հետևում և կարդում է: «Ամբողջ գիշեր կարդացել եմ Էդիկի գիրքը, հրաշալի պոեզիա է: Նա ունի տողեր, որոնք կցանկանայի ես գրած լինեի»,- ասաց Հակով Մովսեսը:

«Սրանք հերթական գրքեր չեն, շնորհավորենք նրանց և հպարտանանք, որ ունենք այսպիսի գրողներ, այսպիսի գրչընկերներ»,- իր խոսքում ասաց բանաստեղծ Հուսիկ Արան: