Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղցկեղով հիվանդ կնոջը վտարում են

Հասարակություն
5d6e816d60cb0a1a925e8d733ca7093b

Սպիտակի շրջանի Կաթնաջուրի տնից 54-ամյա Սուսաննա Սեյրանյանի համար հին կարի մեքենան է մնացել իբրեւ հուշ։

Գործազուրկ, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող կինը, որը տառապում է քաղցկեղով, 24 տարի առաջ՝ 1988թ երկրաշարժից անմիջապես հետո ոչ իր կամքով հայտնվեց Երևանի Արաբկիրի շրջանի 2-րդ գիշերօթիկ դպրոցի հանրակացարանում, որտեղից այսօր վտարվում է դատարանի մարտի 21-ի որոշմամբ։

Հանրակացարանի շենքում գործում է Երևանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանը, որի տնօրեն Արծրուն Բարսեղյանն էլ դիմել է դատարան Սուսաննային վտարելու և սենյակն իրեն տրամադրելու հայցով:

Տարածքը լքելու համար նրան զրկել են էլեկտրաէներգիայից և ջրից, սենյակում չկան անգամ տարրական կոմունալ հարմարություններ. «Երկու տարի է՝ ես հոսանքից զրկված եմ, ստիպված մոմով կամ ֆանարիկով եմ բարձրանում»:

Սուսաննան սարսափում է, որ 54 տարեկանում կարող է հայտնվել փողոցում: Իրեն տանիքով ապահովելու խնդրանքով նա դիմել է Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն պատասխան դեռ չի ստացել: Ի դեպ, նա երբեք չի բարձրաձայնել, որ Արցախյան պատերազմի զոհված հերոսի քույր է, սակայն այսօր ստիպված է հիշատակել նաեւ այդ մասին: Գո՞ւցե եղբոր հիշատակը հարգելով՝ իրեն փողոց չնետեն:

Երևանի Արաբկիրի շրջանի 2-րդ գիշերօթիկ դպրոցի հանրակացարանում բացի Սուսաննա Սեյրանյանից ապրում է եւս 4 ընտանիք, 3-ը Գյումրիից են՝ 1988թ. աղետալի երկարաշարժից տուժածներ: Նրանց նույնպես պատրաստվում են վտարել տարածքից;

Երևանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արծրուն Բարսեղյանը վստահեցնում է, որ ուսումանարանի շենքի բնակիչները անօրինական են տարածքը զբաղեցրել. «Առանց որևիցե հիմքի, առանց պայմանագրի և ժամկետի ու փոխադարձ պարտավորությունների իրենք ապրում են ուսումնարանի շենքում»:

Պարոն Բարսեղյանի կարծիքով տարիներ առաջ այդ մարդկանց հաշվառելու գործընթացը սխալ է եղել:

«Ես չգիտեմ ինչ հիմքով են հաշվառել, իրենք հաշվառված են Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում եմ: Դա ամբողջ մի մասնաշենք է, ինչպես կարող են մասնաշենքում գրանցված լինել, այսինքն նրանք կարող են գրանցված լինել նաև իմ աշխատասենյակի վրա»,-ասաց պարոն Բարսեղյանը:

Ուսումնարանի տնօրենը հավատացնում է, որ իրենք չեն կարողանում լիարժեք օգտագործել շենքը, քանի որ բնակիչները շենքի մի մեծ հատված են զբաղեցրել:
«Մենք շենքի առաջին հարկն ամբողջությամբ իրացրել ենք, բայց չենք կարողանում առաջ գնալ, այնպես է ստացվում, որ մեկը քո տան մեջ կտրի, փակի ու ոչ այս կողմ կարողանանք գնալ, ոչ այն կողմ»,-պարզաբանեց Արծրուն Բարսեղյանը:

Ըստ ուսումանրանի տնօրենի, ինքը դիմել է դատարան և դատարանն էլ վճիռ է կայացրել:

«Եթե բնակիչները ցանկանում են կարող են դիմել վճռաբեկ դատարան»,-նշեց Բարսեղյանը և հավելեց. Իրենց տրված է մեկ ամսյա ժամկետ տարածքը լքելու համար: