Աշխարհը ավելի երջանիկ է դարձե՞լ
Երեկ աշխարհի բոլոր լրատվամիջոցներով հրապարակվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի գիտնականների և փորձագետների 2011 թ.-ի հաշվետու զեկույցը՝ աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակի մասին։
Այդ ցուցակում Հայաստանի անունը ընդհանրապես չի շոշափվում։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից խնդրեցինք պարզաբանել հարցը։
Ըստ այդմ՝ պարզվում է, որ եթե 2010 թ-ին աշխարհի 150 ամենաերջանիկ երկրների ցանկում Հայաստանը գրավել էր նախավերջին տեղը, ապա 2011-ին նրա վիճակը մի փոքր բարելավել է եւ առաջ է անցել Ադրբեջանից ու Վրաստանից։
Ի դեպ, ՄԱԿ-ի այս նախաձեռնությունը, բազմաթիվ երկրներում դժգոհության տեղիք է տվել։
Նրանք դժգոհել են երջանկությունը «չափող» չափանիշների ընտրությունից որոնք որոշ երկրների կարծիքով՝ չեն արտահայտում ազգային գործոնը՝ բացառելով ազգի նախասիրություններն ու կենցաղը։
Հիշեցնենք, որ ցուցակը կազմելիս փորձագետները հիմնվել են տվյալ երկրի քաղաքական ազատությունների, սոցիալական երաշխիքների, կոռուպցիայի բացակայության փաստի, ինչպես նաև քաղաքացիների առողջական վիճակի և կայուն ու երջանիկ ամուսնությունների վրա։
Ինչպես և կանխատեսվում էր՝ առաջին տեղում Դանիան է, նրան հետևում է Նորվեգիան, երրորդը Ֆինլանդիան է, այնուհետև Հոլանդիան է և Շվեյցարիան։
Այդ երկրների բնակչության երջանկության գործակիցը՝ չափման 10 բալանոց սանդղակում՝ կազմել է 7,6 միավոր։
ԱՄՆ-ը դիրքավորվել է 11-րդ հորիզոնականում, Մեծ Բրիտանիան 18-րդն է։
Ռուսաստանը հայտնվել է 76-րդ տեղում։ Ղազախները պարզվում է ավելի երջանիկ են ռուսներից՝ նրանք զբաղեցրել են 59-րդ հորիզոնականը։ Լիտվան 60-րդն է, Բելառուսը՝ 62, Ուկրաինան 91, իսկ Լատվիան 116-րդ տեղում է։
Ուսումնասիրություններն ըստ գիտնականների ցույց են տվել, որ վերջին 30 տարիների ընթացքում աշխարհը ավելի երջանիկ է դարձել։ Միջին հաշվով համաշխարհային երջանկության գործակիցը բարձրացել է 0,14 կետով։