Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեխնոպարկում արդեն աշխատում են լաբորատորիաները

Պաշտոնական
4a91b6c6791e6e8a02ad9b2c48e69399

ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնցով սահմանվում են պետբյուջեով տեխնոպարկին ընթացիկ տարում հատկացված 163 մլն դրամի ծախսման ուղղությունները։

Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն, որ տեխնոպարկում արդեն աշխատում են լաբորատորիաները։

«Մասնավոր հատվածի հետաքրքրությունը չափազանց մեծ է, և մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, ինչը Գյումրու տեխնոպարկին հնարավորություն է տալու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել։ Դա նշանակում է, որ մայիսին կսկսենք շենքի շինարարությունը», - շեշտել է կառավարության ղեկավարը։

Փոփոխություն

Փոփոխություն է կրել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքը ՀՀ տարածքից արտահանելու դեպքում դրա ներմուծման համար գանձված ԱԱՀ գումարի վերադարձման կարգը։ Գումարն ստանալու համար անձն այսուհետև դիմելու է միայն մաքսային մարմին (հարկային մարմին այլևս չի դիմելու)` ներկայացնելով համապատասխան դիմում։ Որոշմամբ կբարելավվեն գործարար միջավայրի պայմանները։


Երևանում կստեղծվեն արդիական ջերմոցներ

Կառավարությունն իր նիստում որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ` քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքը կազմակերպելու համար։ Նկատի է առնվել այն հանգամանքը, որ առկա ջերմատները կառուցվել են տասնամյակներ առաջ և իրենց տեխնոլոգիայով և արդյունավետությամբ զիջում են ժամանակակից ջերմատներին։ Որոշման արդյունքում կստեղծվեն ներդրումային ծրագրի իրականացման նպաստավոր պայմաններ, իսկ Երևանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կապահովվի բուսաբուծական արտադրանքի շուրջօրյա արտադրություն, կհիմնվեն նոր աշխատատեղեր։