Բենզինը դեռ կթանկանա
Վերջին երեք օրերին համաշխարհային շուկայում նավթի գները սկսել են ընկնել, մինչդեռ Հայաստանում բենզինը նույն օրերին թանկացել է։
Այնուամենայնիվ՝ «Միանշանակ հստակ է, որ Հայաստանում բենզինի գնաճը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գնաճով, ինչպես նաև տարադրամի փոխարժեքի փոփոխություններով»,- «Ա1+»-ին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը։
Ըստ նրա՝ հանձնաժողովը դեռեւս փետրվարից ուսումնասիրում է այս շուկան եւ տեղեկատվություն են պահանջել ոլորտում գերիշխող բոլոր ընկերություններից: Հանձնաժողովի միջազգային բաժինն էլ զբաղվում է նաև միջազգային շուկայի գներով։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը բենզինի գինը կապում է է միջազգային շուկայի հետ, բայց.
« Եթե Հայաստանում լիներ իսկապես շուկայական տնտեսություն, ես կասեի շատ բնական է, որ շուկայում բենզինի գները նվազում կամ բարձրանում են, այդ գործընթացները շատ բնական են, շուկային բնորոշ է: Վառելիքի շուկայում մենաշնորհների առկայությունը փաստ է և երկու ընկերություններ են զբաղվում, նրանք իրենց ցանկությամբ կարող են ցանկացած ժամանակ գները թելադրել, հիմա օգտվում են այդ հնարավորությունից»։
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ առաջիկայում կհրապարակվեն հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները և պարզ կլինի , թե ինչի հետևանքով է Հայաստանում բենզինը թանկանում: