Աղոթք՝ Մարաղայի զոհերի հիշատակին
Ապրիլի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում 1992թ. ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանցիների կողմից իրականացված կոտորածի 20-րդ տարելիցի կապակցությամբ աղոթք կբարձրացվի նաև ցեղասպանության անմեղ զոհերի համար:
Հիշեցնենք, որ 1992թ. ապրիլի 10-ի լուսաբացին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ:
Ադրբեջանցի օմոնականները ավերեցին ու հրկիզեցին գյուղը, ողջակիզեցին ու անմարդկային դաժանություններով տանջամահ արեցին 60 բնակչի, 70 հոգու պատանդ վերցրին ու տարան անհայտ ուղղությամբ:
Մարաղան առ այսօր շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մազապուրծ բնակիչները ցրվել են աշխարհով մեկ: