Թուլացնում են շենքի հիմքերը
Աբովյան 32 շենքի բնակիչներն այսօր ահազանգել էին, որ շենքի նկուղում՝ մանկական սրճարանի շինարարությունը ապօրինաբար վերսկսվել է։
«Այսօր արթնացանք և տեսանք, որ շինարարական աշխատանքներ են կատարվում: Ոչ աշխատանքային օր են ընտրել, որպեսզի ոչ մի տեղ չկարողանանք բողոքել»,- ասաց բնակիչներից Սեդրակ Առաքելյանը:
Իսկ շինարարությունը ընդամենը վերջերս էր դադարեցվել բնակիչներ բողոքի արդյունքում՝ Քաղաքաշինության նախարարության պահանջով։
«Նախարարությունը ընդունեց մեր բոլոր բողոքները: Պատը հանելու ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել, որոնք չեն համապատասխանում ընդունված նախագծին»,- ասաց նա։
Մինչդեռ շինարարները պնդում են, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է արվում և իրենք մի քանի օր առաջ շինարարությունը շարունակելու թույլտվություն են ստացել:
«Բողոքների հիման վրա սեյսմիկ փորձաքննություն է անցկացվել և եզրակացություն է տրվել, որ շենքին մեր շինարարության պատճառով որևէ վտանգ չի սպառնում».- ասաց շինարարներից մեկը։
Շենքը պատմամշակութային հուշարձան է. այն կառուցվել է 1934 թվականին:
Ի դեպ, բնակիչների ահազանգը անպատասխան չի մնացել. ժամանել են ոստիկաններ, և մինչև երեքշաբթի շինարարությունը դադարեցվել է: