Կտտանքներ, որոնք չեն մոռացվել
Հայաստանում այսօր ապրում են Հայրենական պատերազմի ժամանակ գերի ընկածներից ընդամենը 23-ը։ «Հինգ տարեկան չկայի, որ ծնողներիս հետ գերի ընկա։ Գրքերում գրված է կատարվածի մասին, սակայն դժվար է նկարագրել երեխայի ապրած վախը»,- այսօր «Նովոստի-Արմենի» միջազգային տեղեկատվական գրոծակալությունում անցկացվող տեսակամուրջի ժամանակ ասաց Նելի Շիմշիրյանը։
Ապրիլի 11-ը նշվում է որպես ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի գերիների ազատագրման օր, որի առիթով կազմակերպվել էր Մոսկվա-Աստանա-Քիշնև-Կիև-Երևան տեսակամուրջը։ Միջոցառման նպատակն էր խոսել պատերազմի սարսափներից նրանց բերանով, ովքեր ապրել են դրանք։
Տեսակամուրջին հրավիրվել էին մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի ընկածները։ Նրանք պատմում էին, թե ինչպես են փոքր տարիքում ծնողների հետ հայտնվել համակենտրոնացման ճամբարներում։
Տեսակամուրջին Հայաստանի կողմից նախկին գերիներից մասնակցում էին Նելի Շիմշիրյանն ու Նինա Հակոբյանը։ Նինա Հակոբյանը 1943թ.-ին ծնողների հետ գերեվարվել էր Գերմանիա և անցել մեծ փորձությունների միջով։ «Փաստորեն մենք մանկություն չունեցանք,- ասաց նա։- Ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն ու թոռները ապրեն սիրո ու խաղաղության մեջ»։
«Երեք անգամ ինձ մորս հետ տարան գնդակահարելու»,- պատմում էր Քիշնևից Անատոլի Գոզունը։ Պատմելով դաժանությունների մասին, որոնց միջով անցել էր համակենտրոնացման ճամաբարում մոր հետ՝ նա նշեց, որ մայրը դեռ կենդանի է և խոր ծերության մեջ չի կորցրել առույգությունն ու հիշողությունը։ Եվ որդու հարցին, թե որն է գաղտնիքը, մայրը պատասխանել է. «Չկա չարություն իմ մեջ»։ «Չկա չարություն մեր մեջ՝ գերիների, որոնք տեսել են սով, ցավ, սարսափներ, ծաղր, հետևաբար չարիքին շարունակություն չի տրվի»,- ասաց Անատոլի Գոզունը։
Նրանց բոլորի պամությունը մի կոչով էր ավարտվում. «Դեմ ենք բոլոր տեսակի պատերազմներին»։ Եվ նրանց մտահոգությունն էր, որ նոր սերունդն իմանա այդ պատմությունը, որպեսզի պատմության սխալները չկրկնվեն։