Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպաններին նյութական աջակցություն է պետք

Հասարակություն
2dcea50946b8cf3c41943c5931b89fe5

Երիտասարդ բնապահպան Միքայել Նազարյանը կարծում է, որ կաթողիկոսի խոսքին որևէ լուրջ գործողություններ դժվար թե հետևեն. «Երբ գիտենք, որ մեր հոգևոր առաջնորդը մեզ հետ է, դրանից մեր ոգին ավելի է բարձրանում: Սրանով պարզապես ավելի կշատանա մեր համակիրների քանակը»:

Մաշտոցի պուրակի ակտիվիստներին ոգևորում է այն, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունել է բնապահպանների նախանձախնդրությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Նրանց կարծիքով անիմաստ են դառնում ողջույնները, եթե գործողություն չկա դրանց մեջ: Եթե անգամ բնապահպանների այս նախաձեռնությունը ողջունել է երկիր հոգևոր առաջնորդը, ակտիվիստները հստակ քայլեր և արդյունքներ են ցանկանում տեսնել:

Քանի որ նրանք պայքարում են ինչպես Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ, այնպես էլ Թեղուտի պահպանման և Հայաստանում առկա էկոլոգիական այլ խնդրիների լուծման համար, ուստի նրանց այս պահին ավելի շատ նյութական աջակցություն է պետք:
«Անընդհատ ակնկալիքներ ունենք, որ ինչ-որ օգնություն մեզ կցուցաբերվի: Քանի որ մենք պայքարելու ենք նաև Թեղուտում, վրանների և նմանատիպ այլ միջոցների կարիք ունենք:

Այստեղ(Մաշտոցի պուրակ) քնապարկերում մի կերպ տեղավորվում ենք, որովհետև մոտ քսան հոգի են մնում, իսկ Թեղուտի պայքարն ավելի լայնամասշտաբ գործողություն է լինելու, որն ավելի մեծ օժանդակության կարիք ունի»,- ասում է Միքայելը:

Կաթողիկոսը բնապահպանների նախաձեռնություններին անդրադարձել է այն բանից հետո, երբ օրեր առաջ Լոս Անջելեսում գործող «Թեղուտի պաշտպանության» զորակցող խումբը բաց նամակ է հղել վերջինիս, որտեղ կոչ է արված կաթողիկոսին սատարել բնության պահպանությանն ուղղված պայքարին:

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ երիտասարդ բնապահպաններին ուղղված նամակում մասնավորապես նշված էր.
«Բնապահպանական խնդիրներն իրենց լուծումները պիտի գտնեն պետական պատկան մարմինների կողմից օրենսդրության շրջանակներում` առաջնորդված երկրի եւ հասարակության շահերով»: