Թուրքական ժխտողականության ապրիլյան «սրացումը»
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Հալաջօղլուն տեղական իշխանություններին առաջարկել է Կիլիկիայի Ադանա քաղաքում 1992-ի Խոջալուի իրադարձություններին նվիրված հուշարձան տեղադրել։
Նա առաջարկել է ի նշան «ադրբեջանցի եղբայրների» հետ համերաշխության՝ նմանատիպ հուշարձաններ տեղադրել Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում։
Ըստ թուրքական Zaman-ի, Ադանայի քաղաքային իշխանությունները փաստացի համաձայնություն են տվել առաջարկին։ Այս օրերին քննարկվում է հուշարձանի տեղադրման վայրի ընտրության եւ ֆինանսավորման հարցը։
Ուշագրավ է, որ թուրքական մամուլում այս մասին տեղեկատվություն է տարածվել Ադանայում նախորդ դարասկզբին տեղի ունեցած կոտորածների եւ ՄԵծ Եղեռնի տարելիցի օրերին։
Պատմական ակնարկ.
1909 թվականի ապրիլի 1-4-ը Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության հրահանգով թուրք ամբոխը խուժեց Ադանա և սկսեց կոտորել հայերին: Առաջին ջարդը տևեց երեք օր: Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով ուղարկված երիտթուրքական վաշտերի երևալը քաղաքում առիթ տվեց վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին: Ընդհանուր առմամբ Ադանայի ջարդերին զոհ գնաց ավելի քան 30 հազար հայ։
1992-ի փետրվարի 26-ին Արցախի Իվանյան, (նախկին Խոջալու) ավանի ազատագրման գիշերը, երբ քաղաքի խաղաղ բնակչությունն, օգտվելով հայկական ուժերի տրամադրած միջանցքից, զինված ջոկատների ուղեկցությամբ փախչում էր Աղդամի ուղղությամբ, ադրբեջանական զինվորները կրակի տակ են առել նրանց: Ըստ ադրբեջանական աղբյուրների, զոհվել է մի քանի հարյուր, վիրավորվել՝ 1000-ից ավելի մարդ։ Ադրբեջանական քարոզչությունը պնդում է, թե փախստականներին կրակի տակ են առել հայկական զինված ուժերը։ Մինչդեռ, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված հարցազրույցում խոստովանել է, որ Խոջալուի ջարդը կազմակերպել է ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատը»՝ իր հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով։ Իսկ «Իրական Ադրբեջան» պարբերականի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը Խոջալուի դեպքերի մասին պաշտոնական տեսակետից տարբերվող դիրքորոշում հրապարակելու պատճառով 2007-ին դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման։