Գ. Սահակյան. «Իրավիճակը կայուն է»
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունն ապրիլի 12-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ: Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։
«Օրինաց երկիր» խմբակցության հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար , բարոնուհի Էմմա Նիքոլսոնը հետաքրքրվեց Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներից:
Կարեւորելով ընտրությունների անվտանգ եւ ապահով կազմակերպումը` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու` ինքը հետեւողական կլինի ընտրությունները թափանցիկ անցկացնելու հարցում:
Պատվիրակության ղեկավարի խնդրանքով տիկին Բիշարյանն անդրադարձավ ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի գործունեությանը` նշելով, որ խումբն ընտրական գործընթացների հետ կապված բոլոր խնդիրները պատրաստ է քննարկել, արձագանքել այն դրսեւորումներին, որոնք չեն բխի օրենսդրությունից:
ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունը հանդիպեց նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ: Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը ներկայացրին նախընտրական փուլի եւ բուն ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները: Որոշ հանգամանքներով պայմանավորված` պատգամավորները վերապահումով են վերաբերվում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությանը:
ԵԽԽՎ բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հետ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանդիպեցին Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը:
ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրենց կուսակցության աշխատանքը թե քարոզարշավի նախապատրաստական փուլում, թե քարոզարշավի ընթացքում:
Անդրադարձ եղավ տարբեր քաղաքական ուժերին ու ԲՀԿ-ին մտահոգող ընտրացուցակների խնդրին, այդ առիթով մամուլում եղած հրապարակումներին, մեկ հասցեում մի քանի տասնյակից ավելի գրանցումներին, կրկնակի անձնագրերի վերաբերյալ հրապարակումներին: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ընտրացուցակները ԲՀԿ տարածքային կառույցներում մանրամասնորեն ճշգրտվում են հրապարակման օրվանից, որի վերաբերյալ միջազգային դիտորդներին համապարփակ տեղեկատվություն կներկայացվի աշխատանքն ամփոփելուց հետո:
Նույն օրը ԵԽԽՎ բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունը հանդիպեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, քարտուղար Գագիկ Մելիքյանի, անդամներ Դավիթ Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի եւ Արտակ Զաքարյանի հետ:
Անդրադառնալով նախընտրական գործընթացներին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ երկրում քաղաքական իրավիճակը կայուն է, հասարակության ակտիվությունն առաջիկա ընտրություններին գնալով նկատելի է դառնում: Խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ քաղաքական բոլոր ուժերը տրամադրված են անցկացնելու լավ ընտրություններ: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական հզոր ուժ, մեր ժողովրդի ու նրա ապագայի, երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար անում է ամեն ինչ ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու ուղղությամբ:
Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը հետաքրքրվեց ընտրացուցակների ճշգրտությամբ: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ցուցակները բաց են եւ հասանելի հանրության համար: Նա անդրադարձավ նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք ընտրական գործընթացները դարձրել են առավել թափանցիկ եւ հնարավորություն տվել անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ: