Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեղեցու բակը հասցե է

Հասարակություն
8fcccaf4912015950c34e051f81e83c8

Ոստիկանության պարզաբանումը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ապրիլի 11-ի համարում տպագրված «Մարդիկ գրանցված են եկեղեցու բակում և վառելիքի օբյեկտ-բազաներում» հրապարակման մեջ նշված է, որ Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքի ընտրացուցակներում մի քանի հազար քաղաքացիների հասցեների դիմաց գրված են «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ» և «Վառելիքի օբյեկտ, բազա»:

Ըստ հրապարկման՝ Սարմի փողոցի տուն 103 հասցեում հաշվառված է 104 քաղաքացի:

Նշվել է նաև, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզների ու դրանց նկարագրությունների համաձայն` Նոր Արեշի 41 փողոցն ընդգրկված է թիվ 12 ընտրատարածքի քարտեզում, մինչդեռ այդ փողոցի հասցեներից ընտրողներ չկան:
Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար պարզաբանում ենք.
Բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենսդրությունը նախատեսում է քաղաքացիներին ռեգիստրում հաշվառելու 2 տեսակ` մշտական և փաստացի:
Մշտական հաշվառումն իրականացվում է բացառապես բնակելի տարածություններում, փաստացի հաշվառումն` ըստ քաղաքացու փաստացի բնակության վայրի, որը կարող է լինել նաև ոչ բնակելի, ինչպես օրինակ` նկուղ, ձեղնահարկ, ավտոտնակ, հարակից ավտոտնակ, հարակից շենքի ավտոտնակ, ամառանոց, հողամաս, սննդի կամ հանրային նշանակության այլ օբյեկտներ և այլն:
Այսինքն, հրապարակման մեջ նշված հասցեները («Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ», «Վառելիքի օբյեկտ, բազա» և այլն) քաղաքացիների փաստացի բնակության հասցեներն են:

Բնակչության պետական ռեգիստրի պահոցում առկա «Եկեղեցու բակ» հասցեն ընդգրկում է Շենգավիթ վարչական շրջանի Սրբ. Գևորգ եկեղեցու հարակից տարածքում գտնվող չհասցեավորված 3 բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով ռեգիստրի պահոցում հաշվառված են «Եկեղեցու բակ» հասցեում:

Սարմի փողոցն ընդգրկում է տարբեր ընտանիքների պատկանող 2 տասնյակից ավելի չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները նույնպես բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են Սարմի տուն 103 հասցեում:

Ինչ վերաբերում է Նոր Արեշ 41 փողոցին, այն ընդգրկված է ոչ թե թիվ 12, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ` թիվ 13 ընտրատարածքի 13/32 ընտրական տեղամասում, և նշված փողոցում առկա հասցեներում ընդգրկված են 700-ից ավելի ընտրողներ»