Ոստիկանությունը Գյումրիի սպանության մասին (տեսանյութ)
Երեկ սպանվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերը` Կարեն Եսայանը:
Գյումրիի քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք լրատվական կայքերից են իմացել սպանության մասին:
«Ես երեկ եմ կարդացել, որ նշանադրությունը պետք է տեղի ունենար ապրիլի 12-ին: Ողջ քաղաքը ցնցված է, դրա մասին են խոսում: Ես այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել: Մենք էլ այդ լուրի մասին իմացել ենք կայքերից»,-ասաց Լիլիթ Աղեկյանը՝ հավելելով, որ պետք է նշանվեր Վարդան Ղուկասյանի դուստրը:
Ոստիկանության լրատվական վարչությունից «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ ապրիլի 12-ին, երեկոյան ժամը 5-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Ռ. Եսայանը և հայտնել, որ որդին` 1985 թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը, առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենան և այլեւս նրանից տեղեկություն չի եղել։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարևանությամբ` «Սև Բերդ» տանող ճանապարհին, նույն օրը երեկոյան ժամը 8 անց տասին հայտնաբերվել է «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի մեջ հայտաբերվել է Կարեն Եսայանի դին` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի