Շարմազանով. Թող ԵՄ-ն իրերը կոչի իրենց անունով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 13-ին հանդիպեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Լատվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Կողմերը նշեցին, որ քաղաքական կուսակցությունների միջեւ շփումներն ակտիվացնելու նոր շրջանակ կարող է դառնալ նաեւ ԵԺԿ-ն, որին նոր է անդամակցել ՀՀԿ-ն: Լատվիայի դեսպանը հատկանշական համարեց, որ իրենց խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն ամենամեծաթիվն է: Ըստ դեսպանի`սա վկայում է լատվիացիների բարեկամական վերաբերմունքն ու մեծ հետաքրքրությունը հնագույն մի երկրի նկատմամբ, որը հաճախ է դիմակայել դժվարություններին իր հոգեւոր եւ քրիստոնեական արժեքներով:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Նրա խոսքերով` Հայաստանի համար ժողովրդավարեցումը այլընտրանք չունի, եւ դա հասկանում են բոլորը: Աժ փոխնախագահը ներկայացրեց նախընտրական գործընթացները` նշելով, որ օրերս մեկնարկած քարոզարշավում բոլոր կուսակցություններին տրված են հավասար հնարավորություններ:
Հանդիպման ընցթացքում խոսվեց նաեւ ԼՂ հակամարտության մասին: Դեսպան Գինտս Ապալսն անդրադարձավ Եվրամիության դերակատարությանը խնդրի կարգավորման գործընթացում: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ ԵՄ օժանդակությունը կարող է շատ կարեւոր լինել, սակայն խնդրի կարգավորման ամենաարդյունավետ եւ գործուն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նա համոզմունք հայտնեց, որ խնդիրը ոչ թե ձեւաչափի ընտրության մեջ է, այլ` Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի ու ռազմատենչ հայտարարությունների: «ԵՄ-ն մեզ օգնած կլինի, եթե իրերը կոչի իրենց անունով»,-ասաց պրն. Շարմազանովը եւ պարզաբանեց. «Եվրանեսթի» Բաքվում կայացած լիագումար նիստի ընթացքում Իլհամ Ալիեւի «ֆաշիստներ» անվանարկումն ուղղված հայերին այդպես էլ քննադատության չարժանացավ եվրոպացի որեւէ պաշտոնյայի կողմից:
Հանդիպման վերջում Լատվիայի դեսպանը եւս հաստատեց հարաբերություններին նոր լիցք հաղորդելու եւ շփման նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը: Այս առումով նա կարեւորեց Աժ նախագահի ծրագրված այցը Լատվիայի Հանրապետություն:
Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։