Նստարանները շարժվում են մարդու ցանկությամբ (տեսանյութ)
Բոստոնի համալսարանի դասախոս, դիզայներ դոկտոր Հյուն Լին և ֆրանսիացի սոցիալական հոգեբան դոկտոր Ֆլորան Ազիոսմանովը համոզված են, որ պետք է ստեղծել մտածող առարկաներ։ Այդ մասին նրանք խոսեցին և իրենց նախագծերը ցուցադրեցին այսօր «Լույս» հիմնադրամի և Ամերիկյան համալսարանի կազմակերպած «Մտածող իրեր և պատմություն հյուսող առարկաներ» սեմինարի ժամանակ։
Ըստ Ֆլորան Ազիոսմանովի՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացումը ստեղծագործական նոր դաշտ է բացել։ Իսկ այս նոր բնույթի արտադրանքը մի նպատակ ունի՝ հարմարավետ դարձնել շրջապատը։ Նա ցուցադրեց մի տարբերակ՝ այգի, որտեղ նստարանները, անձրևանոցները, հովհարները շարժվում են մարդու ցանկությամբ և ծառայում նրան։ Նա նշեց, որ այս առարկաները շատ հարգալից են մարդու հանդեպ, և նրանք մարդուն կարող են նաեւ սովորեցնել հարգանք միմյանց նկատմամբ։ «Հարկավոր է հասկանալ, որ այդ ռոբոտները հոգի չունեն, ունեն միտք, որը ես եմ տեղադրում նրանց մեջ, և իմ նպատակն է, որ նրանք ծառայեն մարդկանց»,- ասաց Ֆլորան Ազիոսմանովը։
Դոկտոր Ֆլորանի ծրագիրը «Շանհայէքսպո-2010»-ի ժամանակ ցուցադրվել էր հայկական տաղավարում, որտեղ հայերը հանդես էին եկել «Աշխարհի քաղաքը» ծրագրով՝ առաջարկելով ստեղծել ինտերակտիվ քաղաք։
Դոկտոր Լին նշեց, որ հիմա հնարավոր չէ իմանալ՝ ինչի կհանգեցնեն նոր տեխնոլոգիաների զարգացումները, ռոբոտները գուցե մի օր ձեռք բերեն ֆլիմերում ցուցադրվող ինքնուրույնությունը. նրանք հիմա հոգի չունեն, սակայն գուցե մի օր հնարավոր լինի նաև նրանց մեջ հոգի ներդնել։
Այս սեմինարը «Էքսպո-2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների շարքից էր, որտեղ Հայաստանը կներկայանա «Համաշխարհային լաբորատորիա» նախագծով։